2026 թվականին կառավարության պարտքը մարելու և սպասարկելու համար կպահանջվի 1 տրլն 53 մլրդ դրամ։ Պարտքի գծով մայր գումարների մարումները կկազմեն շուրջ 630 մլրդ, իսկ տոկոսավճարները՝ մոտ 423 մլրդ դրամ։ Այստեղ ներառված են ինչպես ներքին պարտքի գծով մարումներն ու տոկոսավճարները, այնպես էլ արտաքին։ Պարտքի տոկոսավճարները ներառված են բյուջեի ծախսերում։ Դրանք կկազմեն ընդհանուր ծախսերի 11.7%-ը։
Կառավարության կանխատեսումներով՝ 2025 թվականի վերջին Հայաստանի ամբողջ պետական պարտքը կկազմի 5 տրլն 820 մլրդ դրամ։ 2026 թվականին այն կաճի 749 մլրդ–ով կամ 12.9%-ով՝ տարեվերջին հասնելով 6 տրլն 569 մլրդ դրամի։ Կառավարությունը պարտք կվերցնի ինչպես արտաքին աղբյուրներից, օրինակ՝ միջազգային կառույցներից, այնպես էլ ներքին աղբյուրներից՝ թողարկելով պետական պարտատոմսեր։ Այս տարեվերջին պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի 52.9%-ը, իսկ 2026-ի վերջում՝ 55%-ը, ասում է ֆինանսների նախարար Վահե Հովհնանիսյանը․
«Պարտքի սպասարկման ծախսերը բացարձակ թվով ավելանում են՝ պայմանավորված պարտքի անվանական ծավալի աճով։ 2026–ին ՀՆԱ—ի նկատմամբ հարաբերակցությունը կայունանում է։ Միջազգային և ներքին շուկայում տոկոսադրույքների նվազումը կհանգեցնի պարտքի գծով տոկոսավճարների բեռի կայունացմանը։ Տոկոսավճարների մեծությունը հաշվարկվել է նաև հաշվի առնելով փոխարժեքի գծով որոշակի ռիսկեր։ Այսինքն՝ եթե ռիսկերը չնյութականան, ապա պարտքի սպասարկման ծախսերը ծրագրային ցուցանիշից պակաս կլինեն, ինչը, օրինակ, տեղի է ունենալու այս տարի։ Մենք ունենալու ենք պարտքի սպասարկման գծով գրեթե 40 միլիարդ դրամի տնտեսումներ»։
Հարկաբյուջետային կանոններով, եթե նշված տարվա վերջի դրությամբ Հայաստանի կառավարության պարտքը չգերազանցի այդ տարվա ՀՆԱ-ի 60%-ը, ուրեմն՝ պարտքը կառավարելի է, և ծախսերը կրճատելու կարիք չկա։ Ըստ նախարարի՝ եկող տարի պարտքը չի հատի նշված 60%-ի շեմը, սակայն կավելանա․
«Ներքին պարտքը 50 տոկոսի շեմը անցել է վերջին տարիներին, մենք առաջիկայում պլանավորում ենք այս հարաբերակցությունը մի փոքր փոխել և մեծացնել արտաքին պարտքի մասնաբաժինը, որպեսզի ավելորդ ճնշում չգործադրենք Հայաստանի բանկային համակարգի վրա՝ լիկվիդայնության տեսանկյունից։ Սա նրա համար, որպեսզի մեր տնտեսությանն ուղղվող ներդրումները կարողանան արդյունավետ իրականացվել և տոկոսադրույքների ավելորդ բարձրացում տեղի չունենա։
Տնտեսագետ Էդգար Աղաբեկյանը կարծում է, որ այս պահին ներքին պարտքի հետ կապված ռիկսեր չկան։ Նա ընդգծում է՝ ներքի պարտքի ավելացումը ունի դրական ու բացասական կողմեր։ Բայց այս պահին միտումները դրական են․
«Արտարժութային ռիսկերը մենք կարողանում ենք զսպել, դրամային պարտք ունենալը պետության համար ավելի դրական է։ Արտարժութային ռիսկեր չեն լինի, չնայած իրենց տոկոսադրույքներն ավելի բարձր են։ Եթե նայում ենք, որ պետական պարտատոմսերի պահանջարկը մեծ է շուկայում, ապա չեմ կարծում, որ այս պահին ներքին պարտքի մեծացման հետ կապված ինչ–որ ռիսկեր կարող է առաջանան։ Եթե պահանջարկը պարտքի ծավալների աճին համարժեք չի բարձրանում, տոկոսադրույքների աճ է լինում, բայց մեզ մոտ այս պահին հակառակ պրոցեսն է, այսինքն՝ տոկոսադրույքները նվազում են, քանի որ կա բավականին մեծ պահանջարկ»
2026 թվականի պետական բյուջեի նախագծի ուղերձում նշված է․ «Պարտքի կառավարելի մակարդակում պահպանմանը զուգահեռ ՀՀ կառավարությունը կշարունակի պարտքի պորտֆելի բարելավման ջանքերը՝ նպատակ ունենալով պահպանելու դիմակայունությունը հնարավոր ցնցումներին, պետական պարտատոմսերի շուկայի շարունակական զարգացման ապահովումը և խորացումը, մշտական հասանելիությունը ներքին ու արտաքին ֆինանսական շուկաներին, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրների ու գործիքների դիվերսիֆիկացումը»։
Ֆինանսների նախարար Վահե Հովհնանիսյան․
«Բոլոր պարտքային ցուցանիշները, պարտքի թիրախային ցուցանիշները ներկայումս գտնվում են ուղենիշային մակարդակում և, բնականաբար, ամեն ինչ անելու ենք, որպեսզի էդ ուղենիշային մակարդակում մնան և էդ բոլոր ցուցանիշները»։
2026 թվականին կառավարության պարտքի մարման և սպասարկման համար կպահանջվի 1 տրլն 53 մլրդ դրամ։ Պարտքի գծով մայր գումարները՝ մարումները, կկազմեն շուրջ 630 մլրդ դրամ, իսկ տոկոսավճարները՝ 423.2 մլրդ դրամ։ Այստեղ ներառված են ինչպես ներքին պարտքի գծով մարումներն ու տոկոսավճարները, այնպես էլ արտաքին։ Պարտքի տոկոսավճարները ներառված են բյուջեի ծախսերում։ Դրանք կկազմեն ընդհանուր ծախսերի 11.7%-ը։
Վիճակագրության մեջ արտացոլված արտոնյալ վարկերը հիմնականում վերցվել են մինչև 2020–21 թթ.։ Դրանք աստիճանաբար մարվում են։ Վարկատուների թվում են Ասիական զարգացման բանկը, Եվրոպական զարգացման բանկը, Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը, Արժույթի միջազգային հիմնադրամը։