Եթե լիգայի փուլի մեկնարկից առաջ ինձ առաջարկեին 3 խաղից հետո ունենալ 4 միավոր՝ կհամաձայնեի․ Պերկովիչ

ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 թթ. խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում Հայաստանի գործող չեմպիոն «Նոան» Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում 1-2 հաշվով զիջեց չեխական «Սիգմա Օլոմոուցին»։

Երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը հետխաղային ասուլիսի ընթացքում ամփոփեց հանդիպումը և պատասխանեց լրագրողների հարցերին։

«Շնորհավորում եմ «Սիգմային»։ Այս կարգի խաղերում՝ Եվրագավաթների խաղարկության լիգայի փուլերում, թիմերը վճարում են իրենց կատարած սխալների համար։

Մենք երկու գոլն էլ բաց թողեցինք ստանդարտ իրավիճակներից․ առաջին դեպքում դա եղավ եզրային նետման արդյունքում, իսկ երկրորդում՝ անկյունային հարվածից։

Երկրորդ խաղակեսում ռիսկի դիմեցինք՝ փորձելով փոխել թիմի սխեման, բայց, ցավոք սրտի, չկարողացանք գոլ խփել։

Եթե ինչ-որ մեկը լիգայի փուլի մեկնարկից առաջ ինձ առաջարկեր երեք խաղից հետո ունենալ 4 միավոր՝ կհամաձայնեի։ Իհարկե, այս խաղը մեզ չի գոհացնում, բայց մենք դեռ ունենք երեք խաղ։ Առաջ անցնելու համար մեզ անհրաժեշտ կլինի ևս 8 միավոր, և ես կարծում եմ, որ դա անել կկարողանանք»,– ասել է Պերկովիչը։

Լիգայի փուլի չորրորդ տուրում «Նոան» կհյուրընկալվի շոտլանդական «Աբերդինին»։ Հանդիպումը կկայանա նոյեմբերի 27-ին՝ Երևանի ժամանակով 00։00-ին։

Ամբողջական ասուլիսը՝ տեսանյութում

Leave a Comment