«Թրամփի երթուղին» այժմ կառուցվում է՝ անցնելով աշխարհի ամենակարևոր վայրերից մի քանիսով, այդ թվում՝ տնտեսապես ամենակարևորներով․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը C5+1 հանդիպման ժամանակ իր ելույթում հիշատակել է «Թրամփի երթուղին՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» նախագիծը (TRIPP)։

«Երեք ամիս առաջ իմ վարչակազմը հասավ խաղաղության պատմական համաձայնագրի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև՝ ութ պատերազմներից մեկը, որ մենք լուծեցինք։ Ինչպես այն ժամանակ ասացի, այս պատմական համաձայնագիրը ներառում է «Թրամփի երթուղու» կառուցումը։ Դա իսկապես հրաշալի բան է։ Այն անվանակոչվել է իմ անունով, և ես դա շատ եմ գնահատում։ Սա իսկապես մեծ իրադարձություն է՝ «Թրամփի երթուղին՝ միջազգային խաղաղության համար»»,- ասել է նա։

Այս երթուղին, նրա խոսքով, կառուցվում է՝ անցնելով աշխարհի ամենակարևոր վայրերից մի քանիսով, այդ թվում՝ տնտեսապես ամենակարևորներով, ինչը կբարձրացնի առևտրային գործունեությունը Կասպից ծովի մյուս կողմում և կօգնի Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներին։

«Ես լավատես եմ և հավատում եմ, որ այսօր այստեղ գտնվող յուրաքանչյուր երկիր կշահի խաղաղությունից, եթե օգտվի այս համաձայնագրով բացված հնարավորությունից», – հայտարարել է Թրամփը։

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, ԱՄՆ նախագահը Սպիտակ տուն է հրավիրել Կենտրոնական Ասիայի հինգ երկրների՝ Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի առաջնորդներին: Վաշինգտոնը ձգտում է ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում, որտեղ տասնամյակներ շարունակ գերիշխող դիրք է գրավել Ռուսաստանը:

C5+1 ձևաչափը ստեղծվել է 2015 թվականին։ Այն միավորում է Միացյալ Նահանգներին և Կենտրոնական Ասիայի հինգ պետությունների՝ տնտեսության, էներգետիկայի և անվտանգության ոլորտներում համագործակցություն զարգացնելու համար։

 

Leave a Comment