Պորտուգալիայում ապրող հայերը մեծ ոգևորությամբ են պատրաստվում Պորտուգալիս–Հայաստան ֆուտբոլային պատասխան հանդիպմանը։ Այն տեղի կունենա նոյեմբերի 16-ին այդ երկրի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում՝ ծովափնյա Պորտուում։ Այս մասին «Ռադիոլուր»–ին պատմել է Պորտուգալիայի հայ համայնքի ներկայացուցիչ Վահե Մխիթարյանը հենց Լիսաբոնում։ Թեև այդ երկրում հայերը քիչ են, բայց ակտիվությամբ չեն զիջում եվրոպական շատ այլ երկրների հայ համայնքներին։ Այստեղ հայերին համախմբում ու հայտնի է դարձնում նաև ամերիկահայ բարերար, գործարար Գալուստ Գյուլբենկյանի անունը․ հնարավոր չէ գտնել մի պորտուգալացու, որը չի ճանաչում բարերարին և չգիտի նրա արմատների մասին։
Վահե Մխիթարյանի հետ հանդիպել եմ Եվրոպայի ամենաարևմտյան երկրի՝ Պորտուգալիայի մայրաքաղաքում։ Վահեն վստահեցնում է՝ եթե փողոցում հանդիպած պորտուգալացիներին ասեմ, որ հայ եմ, անպայման կհիշեն ամերիկահայ բարերար, գործարար Գալուստ Գյուլբենկյանին։
«Ես, որ 90-ական թվականներին եկա Լիսաբոն, ընդամենը մի քանի հայ ընտանիք էին, երաժիշտներ, որ 90-ական թվականների սկզբին եկել ու ընդունվել էին՝ սիմֆոնիկ նվագախմբում աշխատելու, այդ ժամանակ կարծես թե միայն այդ 4-5 հայ ընտանիք էր և, բնականաբար, նաև Գյուլբենկյանի ժառանգները, որոնք հասարակության մեջ ավելի մեծ ճանաչում ունեին։ Գյուլբենկյանի եղբոր տղայի ընտանիքն էր այստեղ ապրում, որը երկար տարիներ նաև հոգաբարձուների խորհրդի անդամներից մեկն էր և հայկական բաժանմունքի հսկիչը»։
Վահե Մխիթարյանը տնտեսագետ է, Հայաստանում բանկային համակարգում երկար տարիներ աշխատելուց հետո գործնական առաջարկ է ստացել նախ Հռոմից, հետո Լիսաբոնից ու արդեն շուրջ երեք տասնամյակ ապրում է Պորտուգալիայում, աշխատում այդ երկրի ամենամեծ հիմնադրամում՝ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի ժամանակակից արվեստի թանգարանում։ Նա ֆինանսական հսկողության պատասխանատուն է։ Զրուցակիցս նաև հասարակական ակտիվ գործունեություն է ծավալում, հայկական համայնքը, կարելի է ասել, իր շուրջն է հավաքել։ Թեև համայնքը փոքր է, ակտիվության պակաս չունի՝ ասում է Վահե Մխիթարյանը։
«Ժամանակին եթե ասում էինք, որ այստեղ 100-150 հայ կա, ապա հիմա հաշվում ենք, մոտավորապես 500-600 հայեր կան, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանից են եկել, այլև ուրիշ երկրներից՝ Ամերիկայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, բայց այսպես թե այնպես համայնքը շատ փոքր է»,– պատմում է Մխիթարյանը։
Հայտնի է, որ ժամանակին Կիլիկիայի թագավորության հայերը, հիմնականում նավաստիներն են եկել հանգրվանել Պորտուգալիայի ափերին, առևտուր արել Պորտուում, որը այդ երկրի՝ մեծությամբ ու նշանակությամբ երկրորդ քաղաքն է։ Այստեղ նույնիսկ ասվածը հավաստող փաստ կա․ փողոց, որը կոչվում է Ռուի Արմենիա՝ Հայաստանի փողոց։

Այսօր էլ Պորտուգալիայում որևէ համայնքային պաշտոնական կառույց չկա։ Հայկական դպրոց էլ չկա․ ասում են՝ այդքան հայ երեխա չկա։ Միայն այս տարվա սկզբին կարողացել են Լիսաբոնի պատրիարքի միջոցով հայկական ծեսերի համար եկեղեցի առանձնացնել՝ Գյուլբենկյանի հիմնադրամի շենքի մոտ փոքրիկ, կոլորիտային հոգևոր անկյուն են ստեղծել, որտեղ տարվա հինգ տաղավար տոներին պատարագ են մատուցում Խաժակ սրբազան Պարսամյանը կամ Իսպանիայի հոգևոր սպասավոր Տեր Թորոսը։
«Մեծ ուրախությամբ ուզում եմ ասել, որ վերջապես մի փոքրիկ հայկական համայնքային խորհուրդ է ստեղծվել, որն աստիճանաբար պաշտոնական կարգավիճակ ստանալու ընթացքի մեջ է։ Կարծում եմ, որ ապագայում շատ լուրջ աշխատանք կունենա այդ խորհուրդը»։
Վահեն Լիսաբոնում նաև Պորտուգալիա–Հայաստան բարեկամության միությունն է ստեղծել, հասարակական, քաղաքական, մշակութային գործունեություն են ծավալում, կարողացել են Լիսաբոնի համալսարանի բանասիրական ֆակուլտետում ուսանողների համար «Հայոց լեզու և մշակույթ» դասընթացը կազմակերպել։ Լարային գործիքների նվագախումբ են ստեղծել, որը կարողացել է երկար տարիների լռությունից հետո եվրոպայի արևմուտքում հայկական երաժշտությունը հնչեցնել։ Մխիթարյանը ամենամեծ հպարտությամբ խոսում է հատկապես միութան թարգմանչական գործունեության մասին։ Պլանավորում են նաև առաջին հայերեն–պորտուգալերեն և պորտուգալերեն–հայերեն բառարանը ստեղծել։
«2002 թ․ առաջին թարգմանությունն արեցինք, ու Հայաստանում լույս տեսավ շատ հայտնի պորտուգալացի գրող Ֆեռնանդո Պեսուայի «Պատգամ» գիրքը։ Ֆեռնանդո Պեսուան համարվում է իրենց լավագույն գրողներից մեկը, կարելի է ասել՝ ազգային հերոսը, ինչպես, օրինակ, մեզ համար Շիրազը։ Ընդ որում՝ այդ գրքի շնորհանդեսը կատարեցինք այստեղ՝ այդ գրողի տուն–թանգարանում, ինչը շատ հուզիչ էր ինձ համար․ ո՞վ կասեր 20 տարի առաջ, որ ես այդ գրողի տուն–թանգարանում պետք է ներկայացնեմ այդ գիրքը, այն էլ հայերեն»։
Վահե Մխիթարյանը վստահեցնում է՝ այս արևոտ երկրում է՛լ ավելի արևոտ ու տաք հայերին շատ սիրում են, գրեթե նույնքան հյուրասեր են։ Թեև փոքրիկ, բայց ակտիվ համայնքում էլ փորձում են հայկական ավանդույթները պահպանել, հաճախ հանդիպել, հայերեն խոսել, առջևում էլ կարևոր իրադարձություն ունեն․ պետք է դիմավորեն ու ճանապարհեն Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին։
«Նոյեմբերի 16-ին գնում ենք Պորտո, որտեղ Հայաստանի և Պորտուգալիայի խաղն է լինելու։ Հուսով ենք, որ ավելի լավ կընթանա»։