ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարվա պաշտոնավարման ընթացքում բազմիցս քննադատեց իր նախորդի՝ Ջո Բայդենի նախագահության ժամանակահատվածը, կոպիտ որակումներ արեց նախկին նախագահի հասցեին։ Պաշտոնավարման հենց սկզբում Թրամփը խոստացավ 24 ժամում կարգավորել ռուս-ուկրաինական հակամարտությունը, սակայն մինչև օրս այն կարգավորված չէ՝ չնայած ԱՄՆ նախագահի ջանքերին։ Թրամփը նաև կոշտ պայքար սկսեց անօրինական ներգաղթի դեմ, ինչի համար սուր քննադատության արժանացավ։ Այսօր Դոնալդ Թրամփը շեշտադրում է աշխարհի ութ հակամարտություններ կարգավորելու գործում իր ձեռքբերումները։ Նա չի հրաժարվում նաև իններորդը՝ ռուս-ուկրաինականը, կարգավորելու իր նպատակից։
Ինչպե՞ս է Թրամփի վարած քաղաքականությունը ազդում աշխարհի վրա։ Քաղաքագետները քննարկում են նրա պաշտոնավարման առաջին տարվա արդյունքները։
Մեկ տարի առաջ՝ 2024 թ․ նոյեմբերի 4-ին, ամերիկացիները Դոնալդ Թրամփին ընտրեցին Միացյալ Նահանգների նախագահ։
Նա՝ որպես նախագահ, պաշտոնավարել էր նաև 2016–2020 թթ․։ Սակայն իր առաջին ընտրությունից չորս տարի անց պարտվեց դեմոկրատ Ջո Բայդենին։ Թրամփը այսօր էլ պնդում է, որ այդ ընտրությունների արդյունքները կեղծվել են։
Սպիտակ տանն իր երկրորդ պաշտոնավարման սկզբից ի վեր Դոնալդ Թրամփը փորձում է արմատապես փոխել ոչ միայն Միացյալ Նահանգները, այլև ողջ աշխարհը։
Ո՞վ է Դոնալդ Թրամփը, և ո՞րն է նրա վարած քաղաքականության բուն նպատակը։ Կարո՞ղ է նա դադարեցնել Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը։ Արդյո՞ք նա կվերափոխի Մերձավոր Արևելքը։ Եվ ինչպե՞ս կընթանան երկու գերտերությունների՝ Չինաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները։ Այս հարցերն են շոշափել մի խումբ փորձագետներ BBC-ի կազմակերպած քննարկմանը։
Ուկրաինացի քաղաքագետ Ալեքսանդր Կրաևը որպես Թրամփի մեկ տավա պաշտոնավարման գնահատական մատնացույց է անում Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում դեմոկատ թեկնածուի հաղթանակը․
«Սա հարված էր, որը հեշտ կանխատեսելի էր։ Սա Թրամփի վարկանիշի անկումն է վկայում։ Թրամփի ընդդիմադիրը հետաքրքիր առաջարկներ է ներկայացնում, նա անվճար տրանսպորտ է առաջարկում, վարկային տոկոսների կրճատում։ Սա արմատական դիրքորոշում է, որն անընդունելի է հենց դեմոկրատների համար։ Այդ իսկ պատճառով պետք է ասել, որ այժմ ոչ թե հաղթում է դեմոկրատական կուսակցությունը, այլ հակաթրամփական դիրքորոշումը»։
Ուկրաինացի քաղաքագետն առանձնացնում և կարևորում է հատկապես ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունը։ Նա կարծում է, որ բոլորը, ներառյալ ԱՄՆ նախագահը, գերագնահատում էին նրա անձնական հարաբերությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Դեռ մինչև ռուս-ուկրաինական խնդրով զբաղվելը Թրամփը հայտարարում էր, որ 24 ժամում կկարգավորի այդ հակամարտությունը։
«Դա այն ժամանակ էր, երբ նա դեռ հավատում էր, որ հնարավոր է կանգնեցնել ռուսական ագրեսիան 24 ժամում։ Ինչո՞ւ չհաջողեց։ Պուտինը հնարավորություն չտվեց Թրամփին իրեն ուժեղ զգալու, հաղթանակած դուրս գալու։
Փաշինյանն ու Ալիևը թույլ տվեցին Թրամփին, պայմանականորեն ասած՝ իրեն դիվանագետ զգալու։ Նույն կերպ չվարվեց Պուտինը․ նա սկսեց խաղալ Թրամփի հետ, նրան օգտագործեց ու խաբեց։ Վաղ թե ուշ Թրամփը պետք է հասկանար, որ ինչ–որ բան այն չէ Պուտինի հետ հարաբերություններում, որ խնդիրն արագ կարգավորելը հնարավոր չէ»։
Թրամփը հիասթափված է Պուտինից․ այդ մասին անձամբ է հայտարարել։ Որքանո՞վ է հավանական, որ ԱՄՆ նախագահը կհրաժարվի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու իր մտադրությունից։ Քաղաքագետը դա միանգամայն հնարավոր է համարում Թրամփի դեպքում․
«Քանի որ, ցավոք, դա Թրամփն է, հնարավոր է։ Նա չի հանդուրժի, որ իրեն հիմարի տեղ դնեն, թույլ համարեն, ինչը և անում է Պուտինը, և դա կարող է դրդել Թրամփին, որ դուրս գա բանակցություններից»։
Դոնալդ Թրամփը շեշտում է հատկապես իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը Գազայի հատվածում կարգավորելու իր կարողությունը։ Արևելագետ Ռուսլան Սուլեյմանովը, սակայն, այդ հարցում լավատես չէ, ասում է, որ դեռ պարզ չէ, թե ինչ կլինի հետո․
«Մենք դեռ չգիտենք, թե ինչ կլինի Գազայում, շատ փխրուն է դեռ խաղաղությունն այնտեղ։ ՀԱՄԱՍ–ը որոշ իսրայելացիների մարմիններ դեռևս չի վերադարձնում։ Ինչպես կհաջողվի Թրամփին լիարժեք խաղաղություն հաստատել՝ ոչ ոք չի կարող ասել։ Նա ծայրահեղորեն անկանխատեսելի է»։
Կհաջողվի՞ երկարատև խաղաղություն հաստատել Մերձավոր Արևելքում․ պարզ չէ՝ ասում է Սուլեյմանովը։
Ի՞նչ պատահեց Իրանի միջուկային ծրագրին․արևելագետի կարծիքով այս հարցը ևս ամբողջությամբ լուծված չէ։ Միացյալ Նահանգներն իրո՞ք ոչնչացրեց Իրանի միջուկային օբյեկտները, թե՞ թե ոչ․պարզ չէ։ Ընդգծելով Դոնալդ Թրամփի անկանխատեսելիությունը՝ արևելագետը կարծում է, որ Իրանում կառավարման ռեժիմը փոխություն չի լինի։
Դոնալդ Թրամփին չհաջողվեց նաև իր երկրի ներսում առկա խնդիրները կարգավորել՝ կարծում են քաղաքագետները։ Նա կոշտ պայքար է մղում անօրինական միգրանտների դեմ, պետական ծախսերն է կրճատում, միջազգային օգնության ծրագրերի գրասենյակներ փակում։ Բայց արժանանում է ամերիկացիների քննադատությանը։
Բացի այդ՝ ԱՄՆ նախագահը մաքսային նոր քաղաքականություն սկսեց վարել ներկրվող ապրանքների նկատմամբ։
Ու չնայած քննադատություններին՝ Դոնալդ Թրամփը պարբերաբար շեշտում է, որ կարողացել է աշխարհի տարբեր երկրներում ութ հակամարտություն կարգավորել և ջանքեր է գործադրում իններորդը՝ ռուս–ուկրաինականը, կարգավորելու ուղղությամբ։