«Մեր ձևով» շարժման անդամ Արեգա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը
Մի մեգապրոյեկտի հետքերով
Օրեր առաջ ՀՀ սոցապնախարար Արսեն Թորոսյանը խոսել է մի մեգապրոյեկտի մասին` արցախցիներին բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մասին։
Նա նշել է, որ ծրագրի ընդհանուր չափը գնահատվում է մոտ 800 միլիարդ դրամ, և այդ ծրագիրը ընթանում է բարեհաջող: Հիմա եկեք հասկանանք, թե ինչքանով է այն բարեհաջող:
1.Նախ, ծրագիրը իրականացվել է 0 ներառականության հիմունքով: Իշխանության ներկայացուցիչներն անընդհատ պնդում են,որ հանդիպումներ են ունենում արցախյան կողմի հետ, բայց թե ովքեր են նրանք՝ ոչ ոք չգիտի: Իսկ արցախյան ինստիտուտների ներկայացուցիչների հետ հազվադեպ հանդիպումները կրում էին բացարձակապես ձևական բնույթ, և մեր առաջարկությունների գերակշիռ մասը մերժվում էր:
Բացի այդ, կառավարության այդ որոշումն ընդունվել է օրենքի պահանջի ակնհայտ խախտմամբ, նախագիծը չի տեղադրվել իդրաֆթում, հանրային քննարկումներ տեղի չեն ունեցել, ինչը հնարավորություն կտար արցախցիներին գոնե այդ ձևաչափով իրենց ձայնը լսելի դարձնելու:
2.Այս ծրագրի պահանջներն այնպիսին են, որ արցախցիները կարողանում են բնակարան ձեռքբերել հիմնականում երկրորդական շուկայից, ինչը նպաստում է երկրորդական շուկայի բնակարանների գների արհեստական և կտրուկ աճին:
Փաստացի, այդ բնակարանների տերերը, վաճառելով իրենց բնակարանները, հակված են լինում տեղափոխվել Երևան՝ նպաստելով ուրբանիզացիայի մակարդակի բարձրացմանը: Իհարկե, կա ավելի վատ սցենարը ևս, երբ մարդիկ պարզապես որոշակի գումար ունենալով գրպանում, արտագաղթում են:
3.Անգամ Արսեն Թորոսյանի ներկայացրած թվերից ելնելով, կարող ենք եզրակացնել, որ ծրագիրը ԼԻՈՎԻՆ ՏԱՊԱԼՎԱԾ է: 30 000 ընտանիքներից մինչ օրս հավաստագիրն իրացրել է 1200 ընտանիք, այսինքն` ընդամենը 4 %-ը: Իսկ ծրագիրն արդեն գործում է 1.5 տարի:
Կարծում եմ՝ պարզ է, որ եթե ծրագիրն իրապես ծառայեր արցախցիներին բնակարան ձեռքբերելուն, այդպիսով Մայր Հայաստանում մնալուն, հավաստագիրն իրացրածների թիվը շատ ավելին կլիներ:
Որպես ամփոփում, այդ ծրագիրը, որի համար նախատեսվում են հսկայական գումարներ, որևէ ավելացված արժեք չի ստեղծում պետության տնտեսության համար և չի նպաստում Հայաստանում արցախցիների մնալուն:
Իսկ այ թե որոնք են իրական նպատակները, թողնում եմ յուրաքանչյուրիդ դատողությանը:
Հ.Գ. ես իմը ունեմ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: