ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության լիգայի փուլի 3-րդ տուրում Հայաստանի չեմպիոն «Նոան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի չեխական «Սիգմային»։
Մրցակցի կիսապաշտպան Միխալ Բերանը նախախաղային ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին։
«Մենք գիտենք, որ նրանք շատ ուժեղ թիմ են, որը լավ է դրսևորում իրեն Կոնֆերենցիաների լիգայում։ Նրանք ունեն չորս միավոր, և դա հաստատ պատահական չէ։ Նրանք լավ ֆուտբոլ են խաղում և հզոր տեսք ունեն։ Մենք հասկանում ենք, որ նրանք պատրաստ կլինեն մեզ դիմավորել, բայց հավատում ենք, որ մենք էլ պատրաստ կլինենք նրանց։ Մենք եկել ենք այստեղ, որպեսզի լավ արդյունք ցույց տանք և միավորներ տանենք այստեղից», — ասել է 25-ամյա կիսապաշտպան Բերանը մամուլի ասուլիսի ժամանակ՝ նախքան մարզումը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
— Ինչպե՞ս անցավ երկար ճանապարհը դեպի Երևան։ Ի՞նչ կասեք Օլոմոուցի երկրպագուներին։
— Ճանապարհը երկար էր, բայց ամեն ինչ լավ անցավ, առանց խնդիրների։ Միայն ժամանակի տարբերությունն է մի փոքր զգացվում։ Հուսով եմ, մեր երկրպագուները կաջակցեն մեզ և կօգնեն հաջողության հասնել։
— Դուք արդեն խաղացել եք Լեհաստանի և Իտալիայի թիմերի դեմ։ Հայաստանը էկզոտիկա է։ Ինչպե՞ս եք ուսումնասիրել մրցակցին։
— Մենք գիտենք, որ հեշտ խաղ չի լինի։ Թիմը լավ է համալրված, կազմում շատ լեգեոներներ կան։ Սա Հայաստանի ուժեղագույն ակումբներից է։ Տեսանյութերում երևում է, որ նրանք տեխնիկապես հագեցած են։ Հատկապես ուժեղ են կիսապաշտպանությունում։ Բայց ես հավատում եմ, որ մեր խաղաոճը և այն, ինչ մենք մարզել ենք, կաշխատի։ Վաղը կտեսնենք, հուսով եմ՝ հաջողության կհասնենք։
— Ինչպե՞ս եք հաղթահարում ժամանակի տարբերությունը։
— Հեռախոսն ինքն իրեն փոխեց ժամը, այնպես որ ամեն ինչ նորմալ էր։ Առանձնապես ոչ մի անսովոր բան։ Մարզումից հետո ընթրիք, հետո քուն՝ ինչպես միշտ։ Կարծում եմ, վաղը ամեն ինչ լավ կլինի, մեզ հիանալի կզգանք և պատրաստ կլինենք։
Հանդիպման մեկնարկը 21։45-ին է։