Իմ կարծիքով՝ նրանք են ֆավորիտը․ Սիգմայի գլխավոր մարզիչը՝ Նոայի մասին — Armsport.am

ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության լիգայի փուլի 3-րդ տուրում Հայաստանի չեմպիոն «Նոան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի չեխական «Սիգմային»։

Նախախաղային ասուլիսում մրցակցի գլխավոր մարզիչ Տոմաշ Յանոտկան առանց վարանելու «Նոային» անվանեց ուժեղ թիմ և առաջիկա հանդիպման ֆավորիտ։

— «Նոան» մեկ տարի առաջ հաղթեց «Մլադա-Բոլեսլավին»։ Դուք վերլուծե՞լ եք այդ խաղը։

— Ճիշտն ասած, այդ խաղը մենք դիտել ենք դեռ այն ժամանակ, երբ այն ընթանում էր։ Պետք է ասեմ, որ այն ժամանակ, երբ ես դեռ պատկերացում չունեի Հայաստանի առաջնության և եվրագավաթներում հայտնվող տեղական թիմերի որակի մասին, արդյունքն ինձ զարմացրեց։ Ավելի ճիշտ, այն, ինչ տեղի էր ունենում դաշտում։ «Նոան» այն ժամանակ արժանի հաղթանակ տարավ։ Սակայն հինգշաբթի օրվա խաղին նախապատրաստվելու և վերլուծությունների շրջանակներում մենք այդ տեսագրություններն ընդհանրապես չենք օգտագործել։ Մենք վերլուծել ենք ընթացիկ լիգայի մրցաշրջանի և «Նոայի» Կոնֆերենցիաների լիգայում անցկացրած երկու նախորդ խաղերը։

— Պատրա՞ստ եք «Նոայի» խաղաոճին։

— Մենք ունենք բավականաչափ հիմք և պատրաստություն՝ կարողանալու չեզոքացնել «Նոայի» որակը։ Մենք գիտակցում ենք այն փաստը, որ խաղացողները, հատկապես արտասահմանյան ձեռքբերումները, ունեն մեծ անհատական վարպետություն։ Ես համոզված եմ, որ մենք կունենանք գործիքներ դա վերացնելու և միևնույն ժամանակ ինքներս վտանգավոր լինելու համար։ Մենք զգում ենք «Նոայի» ուժը, հատկապես նրանց տնային դաշտում։

— «Նոան» վերջին հինգ խաղում անպարտելի է մնացել։ Ի՞նչով կարող է նա զարմացնել ձեզ, և դուք՝ նրան։

— Դաշտը ամեն ինչ ցույց կտա։ Լիգայում խաղացողները ծանոթ են միմյանց, իսկ այստեղ նոր փորձառություն է սպասվում։ «Նոան» լավ կառուցված թիմ է. հաջողության հասնելու համար պետք է վստահ խաղանք պաշտպանությունում և միաժամանակ վտանգավոր լինենք հարձակման գծում։ «Նոան» շատ քիչ գոլեր է բաց թողնում։

— Ո՞վ է, ըստ ձեզ, հանդիպման ֆավորիտը։

— Իմ կարծիքով՝ տանտերերը։ Լիգայի փուլի մեկնարկից առաջ կանխատեսումներով նրանց հաջորդ փուլ դուրս գալու հավանականությունը մեզանից բարձր էր։ Բացի այդ՝ սեփական դաշտն ու եվրագավաթներում ավելի մեծ փորձը նրանց կողմն են։ Նրանք իրենց երկրի չեմպիոններն են։ Մենք տեսնում ենք մրցակցի ուժը և հարգանքով ենք վերաբերվում նրանց որակին։ Մյուս կողմից՝ հավատում եմ, որ մեր թիմը վճռականությամբ կմոտենա խաղին։ Ցանկանում ենք զարգացնել նախորդ հանդիպումների հաջողությունը. որպես նորեկներ՝ արդեն որոշակի փորձ ենք կուտակել և նույնիսկ միավորներ վաստակել։

— Խոսե՞լ եք Պավել Հապալի հետ, ով անցած տարի այստեղ էր «Բանիկի» հետ՝ «Ուրարտուի» դեմ խաղում։

— Այո, նա հիշատակեց այդ հանդիպումը։ Ի դեպ, նույն հյուրանոցում ենք տեղավորվել։ Ասաց, որ տեղական ուտելիքները իրեն շատ են դուր եկել (ծիծաղում է)։ Արդեն հարցրել է նաև մասնակցության վճարի մասին. գուցե ինչ-որ բան մտածենք։

— Կոնկրետ ի՞նչ եք ակնկալում մրցակցից:

— Նրանք առավել հաճախ խաղում են 4-3-3 դասավորությամբ, թիմը շատ որակյալ է։ Մասնավորապես, առանձնանում է կիսապաշտպան Էտեկին՝ փոխանցումների 95% ճշգրտությամբ, ինչը մոտ է Չեմպիոնների լիգայի վիճակագրությանը։ Եզրային հարձակվող Պերեյրան ունակ է անհատական անցումներ կատարելու և առանցքային փոխանցումներ տալու։ Կա նաև գոլային հարձակվող՝ Մուլահուսեյնովիչը։ Բացի այդ, ուժեղ են եզրային պաշտպանները։ Թիմը բազմազան է, շատ լեգեոներներ ունի։

— Ինչպե՞ս եք տանում երեք ժամվա ժամային տարբերությունը:

— Դա ցույց կտան այսօրվա և վաղվա օրերը։ Մենք տեղափոխվել ենք 3 ժամ առաջ, իսկ ուրբաթ օրը նորից կվերադառնանք (նորմալ ռեժիմի)։ Կհարմարեցնենք քնի և սննդի ռեժիմը։ Յուրաքանչյուր օրգանիզմ, հավանաբար, տարբեր կերպ կարձագանքի դրան։

Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա այսօր՝ նոյեմբերի 6-ին, 21։45-ին։

Leave a Comment