Երբ ես լինեմ ՀՀ ղեկավար, գործի կդրվի դիվանագիտական, տեղեկատվական, քաղաքական և նաև գիտական ողջ գործիքակազմը՝ Ադրբեջանի զավթողական կոնցեպտի ամբողջ էությունը միջազգային հանրությանը ներկայացնելու համար։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջից։
Ամեն անգամ, երբ ադրբեջանական պետությունը փորձի սրա հիման վրա որևէ միջոցառում անել արտերկրում, դա դառնալու է լրջագույն խնդիր. միջազգային ներկայացուցիչների ներգրավումը ներկայացվելու է որպես աջակցություն զավթողական ծրագրերին և խոչընդոտ խաղաղության հաստատմանը։ Ադրբեջանից եկող հայտարարությունները ներկայացվելու են գործընթացի միջնորդներին, ստանալու են արձագանքներ, և դրանք ոչ մի դեպքում չեն լռեցվելու ՀՀ ԱԳՆ-ի կողմից։ Հայաստանի ղեկավարը պետք է տեսնի ռիսկերը, սթափ գնահատի դրանք և ժամանակին գործի դնի դիվանագիտական գործիքակազմերը՝ սպառնալիքները չեզոքացնելու համար։
Մեր ձեռքում են թե՛ իրավունքը, թե՛ պատմական փաստերը։ Մենք ուզում ենք խաղաղություն ու կայունություն ողջ տարածաշրջանի համար, բայց որևէ մեկը իրավունք չունի մեր պետության դեմ գործի դնել զավթողական ծրագրեր և չստանալ դրա հստակ քաղաքական կանխարգելիչ պատասխանը։ Սա է խաղաղության կառուցման ճանապարհը, և ես՝ որպես ղեկավար, անելու եմ դա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրից։