Վիզաների ազատականացումը կարևոր փուլ է մտնում. ԵՄ-ն Հայաստանին գործողությունների ծրագիր է հանձնել

ԵՄ-ն Հայաստանին է փոխանցել վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Այդ նպատակով Հայաստան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները։

Հայաստանը հանձնառու է իրականացնելու բարեփոխումները՝ նպատակ ունենալով իր քաղաքացիների համար ապահովելու արժանապատիվ և դյուրին կերպով ճամփորդելու հնարավորություններ դեպի Եվրոպական միություն՝ համատեղ հայտարարության ժամանակ վստահեցրել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Նա ասել է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը միակ երկիրն է, որը շարունակական երկխոսություն ունի ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցով։

Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը շատ նպատակներ է հետապնդում։ Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխներն ասում է՝ դրանք նպատակներ են, որոնց պետք է հասնել հետագա տարիներին։ Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին հանձնելուց հետո Յոհաննես Լուխները գոհունակություն հայտնեց, որ Հայաստանը բավական արագ է առաջ շարժվել այդ ուղղությամբ։

«Մենք հենց նոր ներքին գործերի նախարարին հանձնեցինք վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը, որը պարունակում է մի շարք նպատակներ տարբեր ոլորտներում՝ անվտանգությունից մինչև մարդու իրավունքներ։ Նպատակներ, որոնց պետք է հասնել հաջորդող տարիներին։ Շնորհավորում եմ նախարարին և իշխանություններին այս գործընթացում արագ և խորքային առաջընթացի համար։ Մենք պատրաստ ենք շարունակելու համագործակցությունը, որպեսզի այս նպատակները դառնան իրականություն»։

Վիզաների ազատականացումը Հայաստան-ԵՄ գործընկերության կարևոր փուլ է՝ ուղղված վստահության և ԵՄ-ի հետ գործակցության ամրապնդմանը։ Հայաստանը վիզաների ազատականացման ծրագիրը դիտարկում է որպես քաղաքացիների շարժունակության և հանրային անվտանգության ոլորտներում բարեփոխումների ռազմավարական փաստաթուղթ։ 

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտարարեց, որ սա պատմական քայլ է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության ճանապարհին, քանի որ, ի վերջո, ունենք առաջին շոշափելի քայլը, որը համատեղ ջանքերի արդյունք է։ Այս համատեքստում ՆԳ նախարարը շեշտեց.  

«Ուզում եմ մեծ պատասխանատվությամբ նշել, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը միակ երկիրն է, որը ԵՄ-ի հետ ունի շարունակական երկխոսություն վիզաների ազատականացման թեմայով։

Պետք է ընդգծեմ, որ գործողությունների ծրագիրը, որը ներկայացվել է հայկական կողմին, լիովին համահունչ է Հայաստանի Հանրապետության կողմից վարվող բարեփոխումների քաղաքականությանը։ Դրանում ներառված են մի շարք միջոցառումներ, որոնք էական նշանակություն են ունենալու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքի վրա և, հատկապես վիզաների ազատականացման համատեքստում, կապահովեն արժանապատիվ ճանապարհորդության հնարավորություն դեպի Եվրոպական Միության տարբեր երկրներ»։

Նախարարի խոսքով՝ գործողությունների ծրագրով նախատեսված բարեփոխումները կներառեն միգրացիոն կառավարման, ապաստանի, սահմանային անվտանգության, մարդու իրավունքների և հանրային անվտանգության ոլորտները՝ որպես Հայաստանի եվրոպական ինտեգրման օրակարգի առանցքային մաս։

«Ես ուզում եմ շեշտադրել Հայաստանի Հանրապետության հանձնառությունը՝ հետևողականորեն իրականացնելու գործողությունների ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները։ Եվ ես ևս կիսում եմ, որ մենք շատ կարճ ժամկետում ենք հասել այս կարևոր հանգրվանին, որը հանրային լայն ուշադրության ներքո է գտնվում և նաև հանրային լայն ակնկալիքներ է ձևավորել»։

Հայաստանն ու Եվրամիությունը վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի մասին հայտարարել էին 2024 թ․ սեպտեմբերին։ Դրանից հետո գործընթացն առաջ մղելու համար ակտիվ հանդիպումներ և պաշտոնյաների փոխայցելություններ են տեղի ունենում։ Նախարարն ասաց, որ դա Հայաստանի համար հնարավորություն է՝ կարևոր ոլորտներում արդյունքներ արձանագրելու։ Արդյունքներ, որոնք համահունչ կլինեն այն արժեհամակարգային մոտեցումներին, որոնք Հայաստանի Հանրապետության և ԵՄ-ի համար ընդհանուր են։

«Սա նաև կարևորագույն հնարավորություն է՝ ապահովելու մարդկային, տնտեսական, մշակութային, կրթական  կապերը ՀՀ-ի և ԵՄ-ի միջև»։

Համատեղ ջանքերով կատարվել է հսկայածավալ աշխատանք, և հայկական կողմին այսօր գործողությունների ծրագրի պաշտոնական հանձնումը վկայությունն է որակյալ աշխատանքի, նաև երկխոսությունը շարունակելու և այն տրամաբանական հանգրվանին՝ վիզաների ազատականացմանը հասցնելու երկկողմ պատրաստակամության՝ նշեց Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները։ Նա վիզաների ազատականացման վերջնաժամկետների մասին չխոսեց, սակայն նշեց, որ պատրաստ են նպաստելու արագ առաջ շարժվելուն՝ ապահովելով բարձր որակական չափանիշներ։ Նրա խոսքով՝ հաջորդ քայլը լինելու է այն, որ հայկական կողմից գործողությունների ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ իրազեկումից հետո համապատասխան խմբեր կուղարկվեն Հայաստան իրավիճակը գնահատելու և առաջ անցնելու համար։

Եվրոպացի պաշտոնյայի փոխանցմամբ՝ հերթական փուլը տեղի կունենա արդեն հաջորդ տարեսկզբին, երբ կգնահատվեն ներդրված կենսաչափական անձնագրերի համակարգի գործողության արդյունքները։

Leave a Comment