ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին ԱԺ-ում կայացած 2026 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ մի շարք հարցեր ուղղեց՝ սկսած Միքայել եւ Բագրատ սրբազանների ու այլ քաղբանտարկյալների գործերից մինչեւ Հովհաննավանքի թեմայով իրավապահների խառնվելուն: Պատգամավորն առաջարկեց նշումներ անել՝ բոլոր հարցերին պատասխանելու համար:
«Եթե 2 տարի անց պարզվել եք, որ Միքայել սրբազանը հեղաշրջման կոչ է արել եւ պետք է դատապարտվեր, իսկ նախկինում այլ կարծիք եք ունեցել, նշանակում է՝ դուք գրեթե 2 տարի հանցավոր անգործություն եք դրսեւորել, այդ հանցավոր անգործության համար ո՞վ պետք է պատասխանատվություն կրի, եթե այստեղ, իհարկե, քաղաքական ենթատեքստ չեք տեսնում »,- հեգնեց պատգամավորը:
Տեսանյութը՝ քիչ անց:
«Վերջերս Հովհաննավանքում կարգալույծ եղած հոգեւորականի կողմից «պատարագ» էր կազմակերպված: Կիրակի օրով քննիչը որոշում է կայացնում, որ 10-ից ավել հոգեւորականներ պետք է կանչվեն քննչական կոմիտե հարցաքննության, ես խնդրում եմ հիմա մեկնաբանեք՝ ինչպիսի հրատապություն էր դա, որ հենց կիրակի օրը բոլոր հոգեւորականները պետք է տարածքում չլինեին: Կիրակի օրով նման իմպերատիվ անհրաժեշտություն որտեղի՞ց էր առաջացել:
Հաջորդը՝ երբ գնացել էին խուզարկությունների հոգեւորականների տուն, օրինակ` Բյուրականի հոգեւորականը վերջերս հարցազրույցի ժամանակ ասում է՝ երբ քննիչները եկել են իրենց տուն, իմիջիայլոց, այդ ընթացքում նույնիսկ երեխաների պլանշետներն են վերցրել ու չեն վերադարձրել) խուզարկություն իրականացնելիս մարդը գիշերազգեստով է եղել: Ուզում եմ հստակ ընդգծել՝ հոգեւորականը գիշերազգեստով է եղել, քննիչին ասել է՝ թույլ տվեք գոնե փոխեմ շորերս, քննիչը թույլ չի տվել…Սա ի՞նչ մոտեցում է, ի՞նչ տրամաբանություն է: Մեկ էլ 30-ականներիին էր ՆԿՎԴ-ն մտնում ու նման գործողություններ էր իրականացնում հոգեւորականների նկատմամբ…Այսինքն, էդ քննիչը մտածել է, որ եթե հոգեւորականը իր գիշերազգեստը փոխի, հետո նստեն՝ խոսեն, մեծագույն ողբերգությո՞ւն էր տեղի ունենալու… »:
Նիստն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: