Հայաստանի ծանրորդները Եվրոպայի առաջնության վերջին օրը երկամարտում նվաճեցին երկու ոսկի եւ մեկ արծաթե մեդալ

Հայաստանի  ծանրորդները Դուրրեսում ավարտված ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների ու երիտասարդների առաջնության վերջին օրը շարունակեցին մեդալների բերքահավաքը: Այսօր մրցահարթակում մեր 23 տարեկան հինգ ծանրորդներն էին:

94 կգ քաշային կարգում Մնացական Աբրահամյանը նախ պոկում վարժությունում 160 կգ-ով բավարարվեց փոքր բրոնզով, ապա հրումում ցույց տվեց 201 կգ՝ նվաճելով փոքր ոսկին եւ երկամարտի 361 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

Աղջիկների պայքարում +86 կգ քաշային Մերի Թումասյանը 98+120=218 կգ-ով ճանաչվեց չորրորդը:

Հետաքրքիր պայքար ստացվեց տղաների 110 կգ քաշային կարգում, որտեղ հանդես էին գալիս Գարիկ Կարապետյանն ու Պետրոս Պետրոսյանը:

Գարիկ Կարապետյանը պոկումում 182 կգ-ով փոքր ոսկի նվաճեց, իսկ հրումում բարձրացրեց 215 կգ ու արժանացավ փոքր արծաթի: Իսկ երկամարտում նրա արդյունքը 397 կիլոգրամ էր, ինչը նրան բերեց չեմպիոնի կոչումը: Հետաքրքիր է, որ Պետրոս Պետրոսյանը պոկում վարժությունում  զրո ստանալուց հետո չցանկացավ Ալբանիայից դատարկաձեռն տուն վերադառնալ: Նա մասնակցեց նաեւ հրում վարժությանը եւ գլխավերեւում պահելով 221 կիլոգրամը՝ նվաճեց փոքր ոսկին՝ շրջանցելով նաեւ իր թիմակից Գարիկ Կարապետյանին:

Ավանդույթի համաձայն ծանրորդների պայքարը եզրափակելու պատիվը վստահվել էր տղաների գերծանր քաշայիններին, որտեղ գերազանց հանդես եկավ Աշոտ Մովսիսյանը: Ճիշտ է նա 168 կգ-ով պոկում վարժությունում 3-րդն էր, սակայն հրումի նրա 216 կիլոգրամը, ինչպես նաեւ երկամարտի 384 կիլոգրամը Եվրոպայի չեմպիոնի մեդալներ դարձան:

Այսպիսով, Հայաստանի ծանրորդները Եվրոպայի Մ23 եւ երիտասարդական առաջնությունում երկամարտի արդյունքով նվաճեցին յոթ ոսկե մեդալ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment