Լեհաստանը պլանավորում է ստեղծել սեփական անօդաչու թռչող սարքերի դեմ պաշտպանության համակարգ՝ առանց սպասելու ԵՄ-ի «անօդաչու թռչող սարքերի պատ» նախաձեռնության իրականացմանը, Bloomberg-ի փոխանցմամբ ասել է Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Չեզարի Տոմչիկը։
Նոյեմբերին Պաշտպանության նախարարությունը նախատեսում է հայտարարել անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման, հետևման և ոչնչացման տեխնոլոգիաների ոլորտում ներդրումների մասին՝ որպես ընդլայնված հակաօդային պաշտպանության ծրագրի մաս: Տոմչիկը չի նշել ներդրումների ծավալը: Նրա խոսքով՝ նպատակն է, որ լեհական ընկերությունները ստանան պայմանագրերի առնվազն կեսը:
«Մենք համաձայն ենք ամբողջ Եվրոպական Միության տարածքում օդային տարածքի պաշտպանությունն ամրապնդելու գաղափարի հետ և պատրաստ ենք քննարկել առաջարկներ և լուծումներ։ Այնուամենայնիվ, մենք առաջնահերթություն ենք տալիս ազգային նախագծերին», — նշել է Տոմչիկը։
Սեպտեմբերի 10-ի գիշերը Լեհաստանը հայտնել է օդային տարածքի խախտման մասին: Վարչապետ Դոնալդ Տուսկի խոսքով՝ դա կապված էր ռուսական անօդաչու թռչող սարքերի մեծ թվի հետ, որոնցից մի քանիսը խոցվել են: Լեհական և դաշնակից ինքնաթիռները բարձրացել են օդ, իսկ հակաօդային պաշտպանությունը և ռադարային համակարգերը բերվել են բարձր պատրաստվածության վիճակի: