Բաքվում պահվող 15 հայ գերիների դատավարությունը, որն ամիսներ շարունակ ընթացել է դռնփակ, միջազգային կառույցների բացակայությամբ և միայն ադրբեջանական պետական հեռուստատեսությամբ լուսաբանման պայմաններում, մտել է եզրափակիչ փուլ։ Նոյեմբերի 3-ի նիստում մեղադրողները հանդես են եկել մեղադրական ճառով։ Դրանից հետո արտահայտվելու իրավունք կունենան նաև դատապարտվող հայ գերիները, և դատարանը կհեռանա վճիռ կայացնելու։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը» Ադրբեջանում մեկնարկել էր այս տարվա հունվարի 17-ից։
Ավարտվել է Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի, ԼՂ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանի, ԼՂ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի, ԼՂ ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, ԼՂ պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանի, ինչպես նաև Վասիլի Բեգլարյանի, Էրիկ Ղազարյանի, Դավիթ Ալլահվերդյանի, Գուրգեն Ստեփանյանի, Լևոն Բալայանի, Մադաթ Բաբայանի, Մելիքսեթ Փաշայանի և Գարիկ Մարտիրոսյանի նկատմամբ Բաքվում ընթացող դատավարությունը։ Այս գործընթացը միջազգային տարբեր իրավական հարթակներում և պաշտոնական Երևանի կողմից գնահատվել է շինծու, իսկ դրա արդարացիության մասով վերապահումները և թափանցիկության բացակայությունը կասկածի տեղիք են տվել և արժանացել կոշտ գնահատականների։ Միջազգային ամենահեղինակավոր կառույցները Բաքվում պահվող հայերին դիտարկում են ռազմագերի։
ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում և այն դեռ չի ավարտվել։
Մոտ մեկ տարվա ընթացքում շուրջ 100 դատական նիստերով և ավելի քան 500 ժամվա ընթացքում փաստաթղթերի և ապացույցների ուսումնասիրության ու չակերտավոր «վկաների» միջոցով Բաքվի զինվորական դատարանում պետական մեղադրողը հաստատված է համարել Արցախի ռազմաքաղաքական և մյուս հայ գերիների այսպես ասած «մեղքը»։ Մեղադրյալներին վերագրվում են հանցագործություններ, որոնք իրականացվել են 1998 թվականից մինչև 2023-ի սեպտեմբերի 20-ը:
Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը չի էլ կասկածել, որ ադրբեջանական կողմը փորձելու էր ստանալ առավելագույն պատիժը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ու մյուս հայ գերիների համար, այն է՝ ցմահ ազատազրկում։ Նախապես պատրաստի սցենարով գործը տանելու կասկածները կապված են մեղադրական ճառ պատրաստելու համար ընդամենը երկու օր տրամադրելու պահանջի հետ։ Դատավարության բուն ընթացքն ավարտվեց հոկտեմբերի 31–ին։ Մեղադրական կողմը ժամանակ պահանջեց ընդամենը մինչև նոյեմբերի 3–ը։ Մեղադրական ճառ կազմելու համար սովորաբար ավելի երկար ժամկետ է պահանջվում՝ ասում է Սահակյանը։
Պետական մեղադրանքը ներկայացնող դատախազի՝ դատարանում ելույթից պարզ է դառնում ադրբեջանական կողմի մոտեցումը, այն է՝ 15 մեղադրյալները բազմաթիվ հանցագործությունների կատարմանը ներգրավված անձանց միայն մի մասն են։ Մեղադրական խոսքում դատախազն օգտագործել է նաև «Հայկական պետության կողմից ստեղծված հանցավոր կազմակերպություն» ձևակերպումը։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուսների գործով մեղադրական եզրակացությունը բաղկացած է վեց մասից։
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի համոզմամբ՝ ամեն ինչ վկայում է դատական պրոցես կոչվածի քաղաքական աստառի մասին։ Սահակյանի խոսքով, սակայն, խաղաղության գործընթացին համընթաց միջազգային գործընկերների ներգրավմամբ կարող է նաև այս հարցը քննարկվել, ու այդ ժամանակ Ադրբեջանի դատական վճիռները կարող են բեկանվել միջազգային դատական ատյաններում։ Իրավապաշտպանը համոզված է, որ դատավճիռը միջազգային ատյաններում արդարության հասնելու նոր հնարավորություն կբացի։
«Խնդիրն իրավական համակարգից այդ ապօրինի դատավճիռները վերացնել, չեզոքացնելն է, որի միակ ճանապարհը վերազգային դատական այդ պրոցեսը վիճարկելն է։ Միջազգային ատյանները ուսումնասիրեն այն խախտումները, որոնք մենք բազմիցս արծարծել ենք նաև հանրային դաշտում և տան դրա իրավական ամրագրում` ճանաչելով դատական ակտերը ոչ լեգիտիմ»։
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը տեսականորեն չի բացառում, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում քննարկման առարկա դառնա նաև Բաքվում դատապարտված հայերի արտահանձնումը` պատժի հետագա կրումը շարունակելու Հայաստանում։ Սակայն նա դա լավագույն լուծումը չի համարում, քանի որ սրանով, ասում է, կլեգիտիմացվեն Բաքվի դատարանի դատական ակտերը, ինչը կարող է դառնալ նախադեպային։
Այս համատեքստում պետք է շեշտադրել նաև խաղաղության ճանապարհով գնացող երկու պետությունների վճռականությունը և մտադրությունները, որոնց մասին կողմերը բազմիցս խոսել են։ Երևանն ու Բաքուն պարտավորվել են խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո միջազգային ատյաններից հայցերը հետ կանչել, նախկին խնդիրների վերաբերյալ էլ նոր հայցեր չներկայացնել։
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն այսպիսի իրավիճակի դեպքում այլ լուծում է առաջարկում․
«Եթե տեղի ունենան զարգացումներ, ինչպիսին կարող է լինել միջպետական գանգատներից հրաժարումը, կարծում եմ` ընտանիքները պետք է ինքնակազմակերպվեն և հանձն առնեն սեփական միջոցներով ինքնուրույնաբար իրավունքների պաշտպանությունը»։
Իրավապաշտպանի գնահատմամբ՝ ամիսներ տևած կեղծ դատավարության ընթացքում անգամ հանցանքի վստահելի ապացույցներ ձեռք չեն բերվել։ Նույնանման բովանդակության ցուցմունքներ են հնչել, և բոլորը վերահաստատել են, որ անձամբ չեն ճանաչում, չեն առնչվել ամբաստանյալի կարգավիճակ ունեցող հայերին։ Սահակյանը սա շատ կարևոր արձանագրում է համարում՝ ցույց տալու, որ ապացույցները որևէ օբյեկտիվ կապ չունեն վերագրվող արարքների հետ և իրադարձությունների վերարտադրում չեն։
Շինծու գնահատվող դատավարության ուշագրավ դրվագներից մեկն էլ այն է, որ դատական վերջին նիստերից մեկին Բաքվի զինվորական դատարանում քննության առարկա էին դարձել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ծննդյան վկայականն ու անձնագիրը։ Ադրբեջանցի մեղադրողը հարցրել էր Հարությունյանին, թե ինչու է նրա ծննդյան վկայականում գրված, որ ծնվել է Ստեփանակերտում՝ Ադրբեջանական ԽՍՀ-ում, իսկ արդեն անձնագրում որպես ծննդավայր նշված է Հայաստանի ԽՍՀ: Այս փաստերը մեղադրողին անհրաժեշտ էին հետևյալ մի նախադասությունը ձևակերպելու համար․արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Հայաստանը Ղարաբաղը համարում է իր տարածքը: Ադրբեջանական պետական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Արայիկ Հարությունյանը խուսափել է պատասխանել ադրբեջանցի մեղադրողի այդ հարցին՝ հայտարարելով, թե այդ խնդիրը երբեք չի քննարկել Հայաստանի իրավասու մարմինների հետ:
Ավելի քան երկու տարի Բաքվում անազատության մեջ գտնվող Արցախի նախկին ղեկավարը դատարանում նաև պարզաբանումներ է ներկայացրել, թե ինչով են Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների անձնագրերը տարբերվել Հայաստանի քաղաքացիների անձնագրերից. միակ տարբերությունը, ըստ նրա, եղել է 070 կոդը:
Հարությունյանն ասել է, թե 070 կոդը հատուկ նշվել է, որպեսզի այդ անձնագիրն ունեցող Արցախի քաղաքացիները չկարողանան մասնակցել Հայաստանում անցկացվող ընտրություններին: Ամեն դեպքում, նշել է նա, այդ անձնագրերով արցախցիները կարողացել են արտերկիր մեկնել և շրջագայել որպես Հայաստանի քաղաքացիներ, գրում է Ադրբեջանի պետական լրատվամիջոցը։
Բաքվի դատավարության ընթացքում հայ գերիները զրկված էին անկախ պաշտպաններից ու միջազգային կառույցների ներկայացուցիչների այցելություններից: Միջազգային կարմիր խաչը գերիների հետ կապի միակ խողովակն էր, բայց Բաքուն այդ հնարավորությունն էլ վերացրեց։
Նոյեմբերի 4-ն այն ժամկետն է, երբ Ադրբեջանի կառավարությունը պետք է հաշվետվություն ներկայացնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ գերիների վիճակի, պահման պայմանների և այլ հանգամանքների վերաբերյալ։ Իրավապաշտպանները սպասում են, որպեսզի հասկանան իրենց հետագա քայլերը։
Իրավապաշտպաններից բացի, սակայն, նաև Հայաստանի իշխանությունն է պնդում, որ ցանկացած հարթակում բարձրաձայնում է մարդասիրական զգայուն խնդիրները։ Ամենաթարմ օրինակով՝ նոյեմբերի 3–ին Արգենտինայի Հանրապետության օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Ադրբեջանում գտնվող գերիների եւ ապօրինի պահվող անձանց խնդրին։ Նույն թեմային ավելի վաղ անդրադարձել էր օրեր առաջ «Եվրանեսթ» ԽՂ–ի ժամանակ։
«Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն ազդարարում է, որ խաղաղությունն արդեն հաստատված է։ Չնայած դրան, շարունակում են մնալ չլուծված մի շարք մարդասիրական հարցեր։ Ադրբեջանում պահվող անձանց, ռազմագերիների հարցը, թերևս, լուրջ խնդիր է, որը պետք է լուծում գտնի։ Մեկ այլ կարևոր հումանիտար առաջնահերթություն է բազմաթիվ անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանումը»։
Մինչ Ադրբեջանը, բոլորի աչքից հեռու, դռնփակ պայմաններում ընթացող դատավարության միջոցով փորձում է ստեղծել Հայաստանի՝ իբրև ագրեսորի և մարդկության դեմ հանցագործություններ կատարողի պատկեր, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում քննարկման իր հերթին է սպասում Ադրբեջանի դեմ պատժամիջոցների վերանայման 2025 թվականի երկկուսակցական օրինագիծը։ Այս տարվա սեպտեմբերի 15-ին այն ներկայացրել էին դեմոկրատ Դինա Թայթուսը և հանրապետական Գաս Բիլիրակիսը։ Նախաձեռնությամբ փորձ է արվում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի պաշտոնյաներին՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ մարդու իրավունքների կոպտագույն խախտումների և ռազմական հանցագործությունների համար։ Այս նախաձեռնությունը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում և Ներկայացուցիչների պալատի դատական հանձնաժողովում դեռևս որևէ գնահատական չի ստացել, և քվեարկություն դեռ չի նշանակվել: