Ուռուցքաբանության ոլորտի զարգացմանը նվիրված ամենամյա կոնֆերանսին ներկա է գտնվել առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը։
Միջոցառմանը մասնակցել են տարբեր երկրների մասնագետներ՝ վիրաբույժներ, ռադիոթերապևտներ և կլինիկական ուռուցքաբաններ, ովքեր ներկայացրել են իրենց փորձն ու ոլորտում առկա միջազգային նորությունները։
Կոնֆերանսի նպատակն էր քննարկել ուռուցքաբանության ոլորտում նորագույն մոտեցումները, մեթոդներն ու նվաճումները։
Արտակ Ջումայանը կարևորել է նման միջոցառումների անցկացումը` ընդգծելով միջազգային փորձի փոխանակման և մասնագիտական հագործակցության նշանակությունը.
«Նման հարթակները հնարավորություն են տալիս մեր մասնագետներին ծանոթանալ ուռուցքաբանության ոլորտում աշխարհի առաջատար փորձին, ներդնել նոր մեթոդներ, բարձրացնել ոլորտի մասնագիտական կարողություններն` ապահովելով ժամանակակից բուժման հասանելիությունը»,- նշել է նախարարի տեղակալը` շեշտադրելով կանխարգելման կարևորությունը և էլեկտրոնային առողջապահական համակարգի գործիքակազմի կիրառումը:
Առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գեոկչյանն ընդգծել է.
«Ժամանակակից ուռուցքաբանության մեջ առաջնային նշանակություն ունի անհատականացված մոտեցումը, երբ մոլեկուլային-գենետիկական հետազոտությունների հիման վրա յուրաքանչյուր պացիենտի համար ընտրվում է անհատական մոտեցում և առավել արդյունավետ բուժում»։
Միջոցառումը կազմակերպվել էր առողջապահության նախարարության և «Էրեբունի» բժշկական կենտրոնի համատեղ ջանքերով: