ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ անդրադարձել է նաև հանրությանն առավել անհանգստացնող տրանսպորտային միջոցներից կատարված գողություններին և այդ ուղղությամբ իրականացված ու ձեռնարկվող միջոցառումներին։ «Վիճակագրական պատկերից հասկանում ենք, որ նախորդ տարվա 9 ամիսների նկատմամբ մենք ունենք տրանսպորտային միջոցներից կատարված գողության դեպքերի նվազում»,- ասել է Արփինե Սարգսյանը՝ մանրամասնելով, որ, ըստ օպերատիվ ամփոփագրերի, հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է 1․443 նման դեպք, ինչը 5,4%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Նմանատիպ դեպքերի կանխարգելման և հայտնաբերման ուղղությամբ ոստիկանության պարեկային և համայնքային ծառայությունների կողմից օրվա տարբեր ժամերին իրականացվում են բակային շրջիկ ծառայություններ, ինչի արդյունքում հայտնաբերվել և վնասազերծվել են այսպիսի բազմադրվագ գողություն կատարող 16 և շորթում կատարող 4 հանցավոր խումբ, ինչը պետք է էական ազդեցություն ունենա այս հանցատեսակի կրճատման վրա։
Այս տեսակի հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ նախաձեռնվել է նաև օրենսդրական փոփոխություն և արդյունքում 2025թ․ հուլիսի 3-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքը, որով տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունը նախատեսված է որպես միջին ծանրության հանցանք, նախկին ոչ մեծի փոխարեն՝ սահմանելով առավել խիստ պատժաչափ։
Անդրադառնալով տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններին, Արփինե Սարգսյանը նշել է, որ քրեական ոստիկանության կողմից ներկայացված հաղորդումներով պետությանը և համայնքին պատճառված նյութական վնասը, նախնական հաշվարկներով, կազմել է շուրջ 25 մլրդ դրամ։ «Հետևողականորեն աշխատում ենք նաև Քննչական մարմինների, Դատախազության մեր գործընկերների հետ, որպեսզի նաև վերականգնված միջոցները կարողանանք ավելի մեծ ծավալով ապահովել դեպի պետական բյուջե»,-ընդգծել է ՆԳ նախարարը։
Հաշվետու ժամանակահատվածում բացահայտվել է կեղծ ներդրումային հարթակների միջոցով համակարգչային հափշտակություններ կատարող 3 հանցավոր խումբ, մեղադրանք է առաջադրվել 18 անձի։
«Սա հատկապես կարևորում եմ, որովհետև նմանատիպ հանցավոր խմբերում ներգրավված են մեծ քանակությամբ անձինք, ունենք նաև մեծ թվով տուժածներ, և մի քանի ամսվա ինտենսիվ օպերատիվ աշխատանքի արդյունքում մեզ հաջողվում է այսպիսի հանցավոր խմբեր բացահայտել և կոտրել այն շղթան, որը հետագայում բերելու է վիճակագրական պատկերի խեղման»,-ընդգծել է Ներքին գործերի նախարարը։