Թրամփը նոյեմբերի 10-ին Սպիտակ տանը կհյուրընկալի ալ-Շարաային

Նոյեմբերի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կհյուրընկալի Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաային։ Այս մասին Axios-ի լրագրողներին հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը։

Հրապարակման համաձայն՝ Վաշինգտոն այցի ընթացքում ալ-Շարաան պետք է ստորագրի փաստաթղթեր, որոնք թույլ են տալիս Սիրիային միանալ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիային, որը պայքարում է «Իսլամական պետության» դեմ։ Պորտալը շեշտում է, որ սա Սիրիայի նախագահի առաջին այցը կլինի Սպիտակ տուն։

Բարաքը պարզաբանել է, որ ալ-Շարաայի և Թրամփի հանդիպումից հետո սպասվում է Սիրիայի և Իսրայելի միջև բանակցությունների ևս մեկ փուլ։

Մայիսի 14-ին Թրամփը Էր Ռիադում բանակցություններ է վարել ալ-Շարաայի հետ։ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ Վաշինգտոնը կսկսի վերացնել Դամասկոսի նկատմամբ տասնամյակներ շարունակ սահմանված պատժամիջոցները։ Հուլիսի 1-ին նա հրամանագիր է ստորագրել Սիրիայի նկատմամբ միակողմանի սահմանափակումները վերացնելու մասին։

Հոկտեմբերի 15-ին ալ-Շարաան աշխատանքային այց է կատարել Ռուսաստան, որի ընթացքում նա իր առաջին հանդիպումն է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը տևել է երկուուկես ժամ։ Բանակցությունների ընթացքում քաղաքական գործիչը հայտնել է Դամասկոսի ցանկությունը՝ «վերագործարկել» հարաբերությունները Մոսկվայի հետ։

Leave a Comment