Վաշինգտոնն առաջ է քաշում անիրագործելի և անընդունելի նախապայմաններ. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը մտադիր է շարունակել ուրանի հարստացումը և զարգացնել իր հրթիռային ծրագիրը, սակայն չի հրաժարվում միջուկային խնդրի շուրջ Միացյալ Նահանգների հետ փոխզիջման հասնելու հնարավորությունից։

«Մենք չենք կարող դադարեցնել ուրանի հարստացումը։ Չենք ցանկանում նաև ուղիղ  շփվել Վաշինգտոնի հետ։ Համաձայնության հնարավոր է հասնել միջնորդավորված բանակցությունների միջոցով»,- Արաղչիի խոսքերն է մեջբերել Mehr գործակալությունը։

«Պատրաստ ենք լսել ԱՄՆ-ի մտավախությունները՝ միջուկային ծրագրի շուրջ, որը, հիշեցնում ենք, խաղաղ բնույթ է կրում։ Արդար համաձայնության հասնել հնարավոր է, բայց Վաշինգտոնն առաջ է քաշում անիրագործելի և անընդունելի նախապայմաններ։ Մեր հրթիռային ծրագրի շուրջ բանակցություններ չեն լինի»,- հստակեցրել է Արաղչին։

Իրանի արտգործնախարարը կրկին հայտարարել է, որ հունիսին Իսրայելի հարձակումից հետո Իրանն իր միջուկային նյութերը ոչ մի տեղ չի տեղափոխել։ Հավելել է նաև, որ Իսրայելը Իրանի դեմ նոր հարձակում չի ձեռնարկի, եթե Միացյալ Նահանգները դրան նախապես հավանություն չտա։ Արաղչին ընդգծել է նաև՝ ամեն դեպքում, իրենք պատրաստ են ցանկացած սցենարի։

Leave a Comment