Հրազդանի համայնքապետարանում տեղի ունեցած պաշտոնեական լիազորությունների չարաշահման և կեղծիքի գործով մեղադրանք է առաջադրվել երեք անձի, այդ թվում՝ համայնքապետարանի նախկին բարձրաստիճան պաշտոնյայի։ Գործողությունները, ըստ քննության, անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։
Մեղադրական եզրակացության էությունը
Մյասնիկ Կոստանյանին մեղադանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2002 թվականի հուլիսի 19-ից մինչև 2018 թվականի հուլիսի 31-ը զբաղեցնելով Հրազդանի համայնքապետարանի տարածքային զարգացման հողային կադաստրի և գյուղատնտեսության բաժնի պետի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Հրազդան համայնքի ղեկավար Արամ Դանիելյանի հետ համատեղ, խմբի կազմում, Մերուժան Ավետիսյանի և Կլարիկ Խաչատրյանի օժանդակությամբ կատարել է պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք:
Մերուժան Ավետիսյանին մեղադանք է առաջադրվել այն բանի համար, որ նա համոզելու եղանակով դրդել, ինչպես նաև խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է պաշտոնատար անձինք հանդիսացող Հրազդան համայնքի ղեկավար Արամ Դանիելյանի և տարածքային զարգացման հողային կադաստրի և գյուղատնտեսության բաժնի պետ Մյասնիկ Կոստանյանի կողմից անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն և պաշտոնեական կեղծիք կատարելուն
Կլարիկ Խաչատրյանին մեղադանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խոչընդոտները վերացնելու և միջոցներ տրամադրելու եղանակով օժանդակել է պաշտոնատար անձինք հանդիսացող Հրազդան համայնքի ղեկավար Արամ Դանիելյանի և տարածքային զարգացման հողային կադաստրի և գյուղատնտեսության բաժնի պետ Մյասնիկ Կոստանյանի կողմից անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն և պաշտոնեական կեղծիք կատարելուն:
Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։
Գործի ընթացքը
Դատական գործը ստացվելու օրը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանին։ Վարույթ ընդունվելու և նախնական դատալսումներ անցկացնելու վերաբերյալ տեղեկություններ Դատալեքս համակարգում դեռևս առկա չեն։