«Բրյուսելը կարձագանքի». ԶԼՄ-ն բացահայտել է Հայաստանում քաղբանտարկյալների վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը

Եվրոպացի պաշտոնյաները հստակեցրել են, որ Հայաստանի իշխանություններին «քարտ բլանշ» չեն տրամադրել քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ, հայտնում է «Փաստ» թերթը՝ հղում անելով ԵՄ աղբյուրներին։

Կայքի տեղեկություններով՝ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները Բրյուսելում նախկին հատուկ հանձնարարություններով դեսպան և «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի հետ հանդիպումների ժամանակ մտահոգություն են հայտնել քաղաքական դրդապատճառներով քրեական գործերի աճող թվի վերաբերյալ։

«Ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանությունը մնում է Եվրամիության առանցքային արժեքներից մեկը, և այդ սկզբունքներից որևէ շեղում անհետևանք չի մնալու»,- ընդգծել են ԵՄ ներկայացուցիչները։

Հոկտեմբերի 28-ին Երևանում կայացած «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ Եվրախորհրդարանի ներկայացուցիչ Նաչո Սանչես Ամորը հայտարարել էր, որ քաղաքացիներին սոցիալական ցանցերում արտահայտած կարծիքների համար հետապնդելն անընդունելի է ժողովրդավարական երկրներում: Նա զգուշացրել էր ՀՀ իշխանություններին, որ ԵՄ անդամակցությանը ձգտելիս երկիրը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի խոսքի ազատության և մարդու իրավունքների պաշտպանությանը։

Leave a Comment