Ռուսաստանը չի դնում Նիկոլ Փաշինյանի իշխանազրկման խնդիր. քաղաքական վերլուծաբան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է․ 

«Ուրեմն նախօրեին հարցազրույցի ընթացքում տեսակետ արտահայտեցի, որ Ռուսաստանը չի դնում Նիկոլ Փաշինյանի իշխանազրկման խնդիր: Ընդ որում, ինքս այս տեսակետը նոր չէ, որ արտահայտում եմ: Եվ իհարկե նաև բերում եմ փաստարկներս, թե ինչու՞ եմ մտածում այդպես:
Այստեղ հարկ է նշել թերևս, որ, ասելով Ռուսաստան, ես նկատի ունեմ այդ երկրում քաղաքական որոշումների կայացման շրջանակը, այլ ոչ թե իշխանական իսթեբլիշմենտի բազմաշերտ տրամադրությունները ընդհանրապես: Որովհետև, այդ առումով տրամադրությունները տարբեր են ամենուր, չկան մոնոլոիտ տրամադրություններով համակարգեր:
Բարձրաձայնածս տեսակետի պարագայում հաճախ բերվող «հակափաստարկներից» մեկն այն է, թե՝ եթե Ռուսաստանը չի դրել Հայաստանում իշխանափոխության նպատակ, ինչու՞ է Ռուսաստանում միլիարդատեր Սամվել Կարապետյանը եկել Հայաստան և ներկայացնում է քաղաքական գործընթացների մասնակցության հայտ:
Ավելի պարզ ասած՝ նրան ուղարկել է Կրեմլը:
Իսկ մտածե՞լ եք, թե ով է «չափման այս միավորը» հետևողականորեն ներդրել հանրային կյանք, հասարակական-քաղաքական միջավայր: Ով, կամ ովքեր: Առավելապես նրանք, ովքեր ամենից շատն են խոսում ինքնիշխանությունից, անկախությունից, ազատությունից և այլն:
Նրանք են հանրությանը հետևողականորեն սերմանում, որ հենց իրենցից և իրենց յուրայինից բացի, մնացյալը Կրեմլի ներդրած են: Այլ կերպ ասած, այս երկրում ինչ կա իրենցից դուրս՝ Կրեմլից է: Իսկ ո՞վ է ամենից շատ շահում այդ գործընթացից: Իհարկե Կրեմլը. Որովհետև առնվազն ենթագիտակցորեն մարդկանց մեջ մնում է Կրեմլի ազդեցության նստվածքը: Կարևոր չէ, թե ինչպես է մնում՝ դրական, թե բացասական:
Կարևորը, որ մնում է:
Եվ այդ սկզբունքով աշխատում են ըստ էության բոլոր խոշոր կենտրոնները: Էական չէ, որ նրանց սիրես: Կարող ես ատել: Կարևորը, որ մտածես, որ ամեն ինչ գալիս է նրանցից, որ քո անձից և կուռքիցդ դուրս գտնվող ոչինչ չի կարող լինել ինքնուրույն, չի կարող լինել սուբյեկտ՝ բոլորը, որ քո անձից և կուռքից դուրս են, ուղարկված են ինչ որ տեղից: Դե, ինչպես արդեն ասացի, մեզանում այդ ինչ որ տեղը հիմնականում Կրեմլն է:
Այդպե՞ս է, թե՞ այդպես չէ: Այսինքն, ուղարկվա՞ծ է որևէ մեկը, թե՞ ոչ: Եթե չկան պատճառահետևանքային հրապարակային կամ առավել ևս իրավական կապեր, մենք կարող ենք անել միայն ենթադրություններ: Բայց, հենց մենք ինքներս ենք այդ իմաստով հայտնվում մեր իսկ ենթադրությունների ծուղակում: Ահյդ ենթադրություններով մենք ինքներս մեզ ենք դննում սխալ հետքի վրա, այլ ոչ թե մոլորեցնում ենք «ուղարկողներին»:
Ասում են, ինչպե՞ս կարող է Ռուսաստանում միլիարդատեր մարդը գործել Ռուսաստանի շահերից դուրս: Իհարկե չի կարող: Բայց, եթե օրինակ Սամվել Կարապետյանը կամ որևէ մեկը չի գործում Ռուսաստանի շահերի դեմ, դա բոլորովին չի նշանակում, որ գործում է ՌԴ քաղաքական որոշումով և հանձնարարությամբ: Բայց, հարցը այստեղ Կարապետյանը չէ: Կարապետյանն օրինակն է, այս խոսակցոության առիթը:
Օրինակ, նույն խոսույթը տարածվում էր նաև Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ գնալու կապակցությամբ:
Բուն խնդիրը, ինչպես արդեն նշեցի, հանրային մտածողության ուղենիշեր ու մեկնակետեր ձևավորելն է, որտեղ ինքնիշխանության ու անկախության հիշատակումը որքան հնչեղ ու պաթետիկ է առերևույթ, նույնքան արհեստական է գործնականում, որովհետև ըստ էության մարդկանց տալիս են չափման հետևյալ միավորը՝ քեզ, քո կուռքից և կռապաշտ գործընկերների շրջանակից դուրս ամեն ինչ «գուբերնիստական» է:
Սա չի բերում ազատ մտածողության, սա բերում է ֆանատիզմի: Իսկ ֆանատիզմը քայքայում է Հայաստանը, որովհետև ցանկացած ֆանատիզմ սնվում է բաժանարար գծերից: Որքան շատ են Հայաստանում բաժանարար գծերը, այնքան քիչ է ինքնիշխանության ներուժն ու հնարավոր աստիճանը»:

Leave a Comment