2026-ին կավելանա առողջապահության ու սոցիալական ապահովության ոլորտների ֆինանսավորումը

Խորհրդարանական հանձնաժողովներում շարունակվում են 2026թ «Պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները։ Այսօր իրենց գերատեսչությունների ֆինանսական հատկացումներն են ներկայացրել աշխատանքի ու սոցիալական հարցերի ու առողջապահության նախարարները։

Երկու գերատեսչությունների ֆինանսական հատկացումներն էլ հաջորդ տարի կավելանան։ Նախարարները ներկայացրել են 2026-ին սպասվող նոր ծրագրերն ու առաջարկվող փոփոխությունները։ Առաջիկա օրերին նախագիծը կուղարկվի կառավարություն։ Օրենքը պետք է հաստատվի մինչև տարեվերջ։

ԱՍՀՆ բյուջեն ամենամեծն է, բայց ֆինանսական հատկացումների մի մասը պարզապես մուտք ու ելք է լինում՝ խորհրդարանում հայտարարում է Արսեն Թորոսյանը, ընդգծելով, որ  2026-ին մոտ 88 մլրդ դրամով ավելացել է նախարարության բյուջեն։ Հաջորդ տարի ընթացիկ ծրագրերին կավելանան նաև նորերը, իսկ իրականացող ծրագրերը կշարունակվեն նոր չափանիշներով։ Նախարարությունում այս պահին քննարկվում են սահմանամերձ բնակավայրերում իրականացվող 16 մլն դրամի ծրագրում նախատեսվող փոփոխությունները․ դրանք պետք է ներկայացվեն նոր չարորոշիչներով։

Ընտրված սահմանամերձ համայնքներում տուն կառուցելու համար շահառուներին տրամադրվում է 16 մլն դրամ։ Ոլորտի պատասխանատուն տեղեկացնում է, որ Տավուշի մարզի մի քանի համայնքում՝ Ոսկեպարում, Բաղանիսում, Բերքաբերում 21 մլն դրամ է հատկացվում, եթե շահառուն մեկ տարի հաշվառված է եղել այդ գյուղում։ Արսեն Թորոսյանը վերջին տվյալերն է ներկայացնում․

«Հաստատվել է 2299 շահառուի հայտ, որից 2232 -ն արդեն վարկավորվել է։ Սա նշանակում է, որ այդ ընտանիքները սկսել են շինարարական աշխատանքները։ Այս պահի դրությամբ՝ 163 ընտանիք արդեն ունի ավարտական ակտ։ Այսինքն՝ ըստ էության, տունը հանձնվել է շահագործման։ Գեղարքունիքում ունենք 108 շահառու, Արարատի մարզում՝ 145, Սյունիքում 225, Վայոց ձորում՝ 306, և, իհարկե, մեր չեմպիոն մարզը Տավուշն է՝ 1515»։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը ընդգծում է՝ ծրագիրը բացեր ունի։ Շահառուների մի մասը ոչ թե նույն այդ բնակավայրերի բնակիչներն են, այլ պարզապես ծրագրից օգտվելու համար հենց այդ վայրերում են տուն կառուցում․

«Հասկանո՞ւմ եք, բարոյական տեսակետից մարդկային չէ։ Սահմանին ապրող գյուղացին այդ հնարավորությունը չունի։ Անցյալ տարվա մայիսից ԿԲ որոշում ունի, որ վարկունակությունը չի ստուգում ծրագրի, բայց մարդիկ մինչև այդ են դիմել ու մերժվել, քանի որ վարկունակության խնդիր կա»։

Նախարարը կարծում է, որ նորմալ է, եթե այլ բնակավայրից են սահմանամերձ համայնքում բնակարան կառուցում՝ թեկուզ որպես ամառանոց։ Սա նույնպես այդ գյուղերում տնտեսական շարժ ապահովելու հնարավորություն է։ Ծրագիրն ավարտված է, բայց քննարկում են այն վերսկսելու հնարավորությունը։ Առաջիկայում կհայտարարեն նոր սկսվող ծրագրի մանրամասները։ 500 պոտենցիալ շահառու կա այս պահին։ Կան համայնքներ, որտեղ շատ են բնակարան կառուցել, և հակառակը։ Այժմ դիտարկում են ծրագիրը միայն թերհագեցած գյուղերում շարունակելու հնարավորությունները։

 «Բյուջետային միջոցներ են դրա համար անհրաժեշտ, որոնք այս պահին բյուջետավորված չեն։ Մենք պետք է հասկանանք՝ հավելյալ մոտ 1000 տան գումարը ենք  2026 թվականի համար նախատեսում, հետո էլ հասկանանք՝ որտեղից ենք գտնելու 2027, 2028 թվականների համար»։

2026-ին նույնպես անկանխիկ գործարքներից  թոշակառուներին ու նպաստառու ընտանիքներին տրամադրվող վերադարձի ծրագիրը կպահպանվի։ Վերադարձվող գումարի դրույքաչափը կհասնի 20 տոկոսի։ Ծրագրով փորձում են կենսաթոշակները բարձրացնել, և նաև ստվերի դեմ պայքարել․

«Մենք այս պահի դրությամբ ունենք մոտ 350 000 քաղաքացի, որ օգտվում է այս ծրագրից։ Մենք խրախուսում ենք, որ ավելի շատ թվով քաղաքացիներ օգտվեն ծրագրից։ Մեր կանխատեսումներով՝ մյուս տարվա վերջին այդ քաղաքացիների թիվը կկազմի մոտավորապես 410-420 000։ Հետվճարի միջին չափը մոտ 4 հազար դրամով ավելին կլինի, քան այսօր է»։

ԼՂ-ից տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման համար մոտ 800 մլրդ դրամ կհատկացվի։ Տեղահանված 3202 ընտանիք բնակարանի հավաստագիր է ստացել։ Գերատեսչությունը ծրագրեր է մշակում, որպեսզի անապահով ընտանիքների խնդիրները աշխատանք գտնելու միջոցով լուծվեն։ Նախարարը հիշեցնում է՝ անապահովների մի մասը փորձում է ամեն կերպ պահպանել իր կարգավիճակը՝ արտոնություններից չզրկվելու համար։ Նշում է՝ 2026թ ներդրվելու է առողջության համապարփակ ապահովագրությունը, որի շրջանակում  2026-ից 28 և ավելի անապահովության միավոր ունեցողների ծախսերը կհոգա պետությունը։ Այս խմբում են նաև երեխաները, 65 տարեկանից բարձր քաղաքացիները, առաջին, երկրորդ, երրորդ կարգի հաշմանդամները։ Համապարփակ ապահովագրության ներդրման համար 2026-ին առողջապահության նախարարությանը 127 մլրդ դրամ կհատկացվի։

Շտապօգնության ծառայության, դիալեզի, ուռուցքաբանական ծառայությունների համար առանձնացված գումարները նվազել են։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պարզաբանում է․

«Մեր ծրագրերի մեջ նվազեցումները վերանայվել են ու պոտենցիալ շահառուների թիվը հաշվարկվել է ապահովագրության շրջանակներում»։  

Իսկ այն անձինք, որոնք ներառված չեն համընդհանուր ապահովագրության առաջին փուլ, բայց օգտվում են տարբեր ծրագրերից, օրինակ, ինֆեկցիոն հիվանդություններ ունեցողները կամ զինծառայողների ընտանիքի անդամները, կշարունակեն օգտվել պետպատվերից։ Այս պահին ապահովագրության ներդրման մասին շատ մանրամասներ չեն հրապարակվում։ Դրանք կքննարկվեն առաջիկա շաբաթներին, երբ օրենքի նախագիծը կներկայացվի կառավարություն։

Leave a Comment