Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակության հոգևորականաց դասը և եկեղեցական համայնքները խոր մտահոգությամբ հետևում են Հայաստանի Հանրապետությունում վերջին ամիսներին տեղի ունեցող անցանկալի և մտահոգիչ զարգացումներին։ Դարեր շարունակ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին եղել է և շարունակում է մնալ մեր քրիստոնեական հավատքի, հայ հոգու, ինքնության և ազգային միասնականության ամուր հենարանը։
Մեզ համար անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը։
Տագնապով ենք հետևում Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից հոգևորականների դեմ հարուցվող քրեական գործերին։ Արդարությունը, թափանցիկությունը և փոխադարձ սերը եղել են և մնալու են մեր քրիստոնեական հավատքի և ժողովրդավարության հիմնարար սկզբունքները. «Ճշմարտությունը կազատի ձեզ․․․» (Հովհաննեսի Ավետարան 8.32)։
Մեր հորդորն ու ակնկալիքն է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները առաջնորդվեն արդարության, անաչառության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության սկզբունքներով։
Ինչպես միշտ՝ հատկապես այս դժվարին օրերին, մեր հոգևոր եղբայրների և հավատացյալների կողքին, միասնականորեն և անվերապահորեն զորակցում ենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին՝ շարունակելու իր սրբազան առաքելությունն ու ծառայությունը ի Հայաստան և ի սփյուռս։
Թո՛ղ Տերը Ողորմության հեռու վանի մեզանից ամեն տեսակ պառակտում և թշնամանք։ Աղոթում ենք առ Աստված, որպեսզի մեր մեջ տարածվի սերը, հույսը, հավատքը և միասնականությունը՝ ի շահ մեր ժողովրդի և պետության ամրապնդման։ Ինչպես Պողոս Առաքյալն է հորդորում. «Ձեր բոլոր գործերը թող սիրով լինեն» (Ա Կորնթացիներ 16.14)։
Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: