Հանրային ռադիոյի ձայնային պահոցից առանձնացված ձայնագրությունները նվիրված են մեծ բանաստեղծ, ազգային գործիչ Ավետիք Իսահակյանին: Վարպետի թե՛ ծննդյան, թե՛ մահվան օրերը հոկտեմբեր ամսին են: Նա ծնվել է Ալեքսանդրապոլում, 1875-ի հոկտեմբեր 30-ին, և 81 տարի անց՝ 1957-ի հոտեմբերի 17-ին, Երևանում, հեռացել կայանքից՝ մնալով անմահ իր հրաշալի ստեղծագործություններով և ազգային կարևոր գործերով: Նրան մի քանի օր էր մնում լրացնելու իր կյանքի 82 տարին:
1960 թվականին Հայաստանը նշում էր Վարպետի ծննդյան 85 ամյակը՝ առանց հոբելյարի: Այդ առիթով գրող Հրաչյա Քոչարը հրավիրվում է ռադիոյի տաղավար՝ իր հիշատակի խոսքն ասելու նրա մասին: Իսահակյանի ստեղծագործության հմայնքն էր ավելի զորեղ, թե՞ ինքն՝ իբրև մարդ: Այս հռետորական հարցն է տալիս Հրաչյա Քոչարը և հաստատում, որ նրա մեջ բացառիկ ներդաշնակությամբ զուգորդվում էր մեծ բանաստեղծը և հրաշալի անհատականությունը:
«Ավետիք Իսահակյանը մեր քաղաքի գույնն էր, նրա ոգին»,– պատմում է Հր. Քոչարը: Այնքան ներդաշնակ, որ նրա մահից հետո, կարծես թերի դարձավ քաղաքը։ Առավոտներում և գիշերներում պակասեց կարևոր մի պատկեր: Քոչարը հիշում է, թե ինչպես էր Իսահակյանը, ձեռնափայտին հենված, քայլում այսօրվա Բաղրամյան պողոտայով, այցելում հայրենադարձ ընտանիքներին և զրույցի բռնվում նրանց հետ: Նա հավատում էր, որ արդարությունը կհաղթի անարդարությանը, որ գիտության մեծ նվաճումները կօգնեն մարդկությանը, որ առողջապահական ձեռքբերումները կօգնեն պայքարել անտեսանելի վիրուսների դեմ, իսկ տիեզերանավերը կակոսեն անծայրածիր տիեզերքը:
Հանրային ռադիոյի ձայնայնի պահոցից 1957 թվականին արված մեկ այլ ձայնագրություն մեզ տեղափոխում է Պանթեոն, որտեղ տեղի էր ունենում հոկտեմբերի17-ին մահացած Ավ. Իսահակյանի հուղարկավորության արարողությունը: Այստեղ ելույթ է ունենում Հայաստանի Կոմկուսի կենտկոմի 1-ին քարտուղար Սուրեն Թովմասյանը:
Հանրային ռադիոյի ձայնային պահոցում, Իսահակյանին առնչվող, ևս մի շատ թանկ ձայնագրություն կա: Խոսքն այս անգամ, մահվանից 5 տարի անց, Պանթեոնում, Վարպետի շիրիմին կանգնեցված կիսանդրու բացման ժամանակ գրող Ստեփան Զորյանի խոսքն է:
Սա բացառիկ ձայնագրություն է, որտեղ պահպանված է Զորյանի ձայնը: Նույն ժամանակ, ժապավենի վրա է արձանագրվել նաև 43-ամյա Սիլվա Կապուտիկյանի ձայնը: Լրագրողը, որի անունը, ցավոք, չգիտենք, Պանթեոնում սկսում է իր ռեպորտաժը և ձայնագրում Ստ. Զորյանին և Ս. Կապուտիկյանին: