Իսրայելական բանակը ավիահարվածներ է հասցրել Գազա քաղաքին։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախկինում հրամայել էր հարվածել Գազային, քանի որ, ըստ Իսրայելի կառավարության, պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը խախտել է հրադադարը և խաբեության է դիմել պատանդների մարմինների վերադարձման հարցում․ հաղորդում է BBC-ն։
ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող Գազայի քաղաքացիական պաշտպանության և հիվանդանոցային իշխանությունների տվյալներով՝ Իսրայելի մի շարք հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 33 պաղեստինցի։ Հարվածները վնասել են Գազա քաղաքի, Բեյթ Լահիայի, ալ-Բուրեյջի, Նուսեյրաթի և Խան Յունիսի տներն ու դպրոցները։
«Անվտանգության վերաբերյալ խորհրդակցություններից հետո վարչապետ Նեթանյահուն հրահանգել է բանակին անհապաղ հզոր հարվածներ հասցնել Գազայի հատվածին», – նշվել է Իսրայելի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «ոչինչ» չի կարող խաթարել իր միջնորդությամբ կնքված հրադադարը, և որ Իսրայելը «պետք է արձագանքի», եթե իր զինվորները հարձակման ենթարկվեն։
Գազային ուղղված հարվածների մասին Նեթանյահուի հայտարարությունից հետո ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ առայժմ չի հանձնի Իսրայելին ևս մի պատանդի դի։