Փարիզյան դատավարություն․ նոր զարգացումներ՝ Ֆրանսիայի առաջին տիկնոջն առնչվող աղմկահարույց գործով

Փարիզում սկսված հրապարակային դատավարությունը դարձել է միջազգային բուռն քննարկումների և միջազգային պարբերականների գլխագրերի թեմա, որը վերաբերում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կնոջ՝ Բրիջիթ Մակրոնին և նրա դեմ ուղղված համացանցային արշավին։ Դատավարությանն անդրադառնալով՝ BBC-ն և Ֆրանս պրեսս գործակալությունը հայտնել են, որ տասը մեղադրյալ է կանգնել դատարանի առջև՝ մեղադրվելով տարիներ շարունակ տարածվող կեղծ պնդումների մեջ, թե իբր Ֆրանսիայի առաջին տիկինը սեռափոխ տղամարդ է։

Ամբաստանյալները 41-ից 65 տարեկան ութ տղամարդ և երկու կին են՝ հաղորդում է BBC-ն։

Մեղադրյալների թվում են տարբեր ոլորտների ներկայացուցիչներ՝ պաշտոնյա, գեղանկարչական սրահի սեփականատեր, ուսուցիչ, ինչպես նաև օնլայն-գուշակուհի՝ 51-ամյա Դելֆին Ժ.-ն, որը համացանցում հայտնի է «Ամանդին Ռուա» անունով։ Նրա հետ մեղադրվում է նաև Նատաշա Ռեյ անունով անձը, որը ներկայանում է որպես անկախ լրագրող։ Երկուսն էլ 2021 թվականին արդեն մեկ անգամ դատապարտվել են նույն մեղադրանքով, սակայն հետագայում շահել են բողոքարկումը։

Այժմ Մակրոնների ընտանիքը և Բրիջիթի եղբայրը՝ Ժան-Միշել Տրոնիեն, այդ որոշումը բողոքարկում են վերաքննիչ դատարանում։

Դատական գործի հիմքում 2021 թվականին YouTube-ում հրապարակված մի զրույց է, որտեղ Ռեյն ու Ռուան պնդել են, թե Բրիջիթ Մակրոն անունով անձ իրականում երբեք գոյություն չի ունեցել, իսկ նախագահի կողակիցը սեռափոխված Ժան-Միշել Տրոնիեն է։ BBC-ին փոխանցում է նաև Ֆրանսիայի դատախազության պնդումը.

«Այդ հրապարակումները և դրանց շարունակվող տարածումը զրպարտության և համացանցային ոտնձգության օրինակ են, որոնք հարվածել են ոչ միայն նախագահի ընտանիքի, այլև երկրի ինստիտուտների պատվին»։

Ֆրանսպրեսս գործակալությունը, հղում անելով Բրիջիթ Մակրոնի փաստաբանին, գրում է, որ Ֆրանսիայի առաջին տիկինը բացակայել է առաջին դատական նիստից և չի էլ ծրագրում ներկայանալ դատարան։ Ըստ աղբյուրի՝ հաջորդ նիստում հնարավոր է վկայություն տա նրա դուստրը՝ Թիֆանի Օզյեն։

AFP-ն ևս պատմում է, որ մեղադրյալների թվում են նաև համացանցային հայտնի դեմքեր։ Մեկը հրատարակիչ Օրելիան Պուարսոն-Ատլանն է, որն օգտագործում է «Zoe Sagan» կեղծանունը և հաճախ քննադատվում է դավադրական տեսությունների տարածման համար։ Վերջինիս՝  դատական նիստի ընդմիջմանն արած հայտարարությունն է մեջբերել գործակալությունը.

«Մենք ինքներս ենք դարձել հակառակ ուղղությամբ տարվող տեռորի զոհեր։ Որպես վարկաբեկված քաղաքացիներ՝ մեզ փորձում են լռեցնել»։

Այս հայտարարությանն աջակցել է մյուս մեղադրյալն էլ՝ գեղարվեստական սրահի սեփականատեր Բերտրան Ս․-ն, որը «X» հարթակում ունի շուրջ 100 հազար հետևորդ։ Նա AFP-ին ասել է․ «Մամուլը մեզ ներկայացնում է որպես ծայրահեղ աջերի, դավադիրների։ Իսկ ո՞վ է այստեղ իրականում ենթարկվում հալածանքի»։

BBC-ն հիշեցնում է, որ Բրիջիթ Մակրոնն ապագա ամուսնուն հանդիպել է դեռ այն ժամանակ, երբ Էմանուել Մակրոնը աշակերտ էր այն դպրոցում, որտեղ Բրիջիթը դասավանդում էր։ Նրանք ամուսնացել են 2007 թվականին, երբ Բրիջիթը 54, իսկ Էմանուելը 29 տարեկան էր՝ գրում է BBC-ն, որն անդրադարձել է նաև աղմկահարույց պատմության ակունքներին։

Ըստ այդմ, Բրիջիթ Մակրոնի՝ իբր «սեռափոխ տղամարդ» լինելու խոսակցությունները սկսել են շրջանառվել դեռ 2017 թվականին, երբ Էմանուել Մակրոնն ընտրվել է Ֆրանսիայի նախագահ։ Այդ հիմնազուրկ խոսակցություններն, ըստ աղբյուրների, հետագայում տարածում են գտել նաև ԱՄՆ-ում՝ հիմնականում աջ ծայրահեղական բլոգեր Կենդիս Օուենսի միջոցով։

2023 թվականի ամռանը Մակրոնների զույգը դատական հայց է ներկայացրել Օուենսի դեմ՝ մեղադրելով կեղծ տեղեկությունների տարածման մեջ։ Ֆրանսիայի նախագահը մեկնաբանել է, որ այդ քայլով փորձում է պաշտպանել  իր պատիվը, իսկ Օուենսը, ըստ Մակրոնի, «ծառայելով իր գաղափարներին և ունենալով կապեր ծայրահեղ աջ առաջնորդների հետ, դիտավորությամբ է տարածում սուտը՝ նպատակ ունենալով վնասել իրեն»։

Այս գործով նոր դատական փուլ է սկսվել 2025 թվականի հուլիսին։ Ըստ BBC-ի` դեռ այն ժամանակ AFP-ն  հաղորդել է, որ Մակրոնների ընտանիքը դատարան է ներկայացրել 218 էջանոց հայցադիմում՝ ընդդեմ նույն Կենդիս Օուենսի։ Փաստաթղթում ասվում է, որ Օուենսը տարածել է «անհեթեթ, զրպարտչական և հորինված պատմություն»։

Ըստ հայցի՝ Օուենսը ոչ միայն պնդել է, թե Բրիջիթ Մակրոնը ծնվել է որպես տղամարդ, այլև հրապարակել է տեսանյութերի շարք՝ «Փոխակերպվելով Բրիջիթի» վերնագրով, որոնցում  փորձել է ապացուցել իր պնդումները։ Բացի այդ, ըստ դատական փաստաթղթերի, Օուենսը մեղադրվել է  երկու այլ զրպարտչական պնդման մեջ ևս։ Առաջինը՝ իբր Էմանուել և Բրիջիթ Մակրոնները արյունակցական կապ ունեն և երկրորդը, որ Մակրոնը ընտրվել է Ֆրանսիայի նախագահ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության վերահսկման ծրագրի միջոցով։ Մակրոնների փաստաբան Թոմ Քլերի մեկնաբանությունն է մեջբերել BBC-ն.

«Եթե երբևէ եղել է զրպարտության հստակ օրինակ, ապա սա հենց այդ դեպքն է»։

Բրիջիթ և Էմանուել Մակրոնները փաստաբանի միջոցով հայտարարել են, որ տարիներ շարունակ փորձել են դիմել Օուենսին՝ խնդրելով դադարեցնել այդ անհեթեթությունները, սակայն «վերջնական եզրակացության են եկել, որ իրավիճակը շտկելու միակ միջոցը դատական ճանապարհն է»։

Ըստ BBC-ի՝ վերլուծաբանները սա դիտարկում են որպես ակնառու իրավիճակ, թե ինչպես է սոցիալական ցանցերի միջոցով կեղծ տեղեկատվությունը դառնում հանրային ընկալման մաս։ Ֆրանսիական մամուլը հիշեցնում է, որ նախագահական ընտանիքի նկատմամբ նման հարձակումները «ոչ միայն անձնական վիրավորանք են, այլ նաև՝ հարված երկրի պետական ինստիտուտների հեղինակությանը»։

Leave a Comment