
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի դուստրը ԵՊՀ–ում դասի ժամանակ գաղտնի տեսանկարահանել է միջազգային հարաբերությունների ֆակուլտետի արդեն նախկին դասախոս, գիտությունների թեկնածու Սահակ Մանուկյանի դասախոսության մի հատված, որտեղ վերջինս ուսանողներին հստակ օրինակով բացատրելիս է եղել վիրավորանք և զրպարտությունն տերմինների տարբերությունը։ Մանավազյանի դուստրը տեսանյութն ուղարկել է պատգամավոր մորը, ինչից հետո դասախոսին ազատել են աշխատանքից՝ «ակադեմիական միջավայրում ոչ հարիր բառապաշար օգտագործելու համար»։ NEWS.am–ի հետ զրույցում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի արդեն նախկին դասախոս, գիտությունների թեկնածու Սահակ Մանուկյանը պատմեց, որ համալսարանում իր հերթական դասախոսությունը նվիրված էր քաղաքական ռեժիմներին, և դեմոկրատական քաղաքական ռեժիմը ներկայացնելու ժամանակ խոսել է նաև խոսքի ազատության մասին՝ նշելով, որ այն չի կրում բացարձակ բնույթ անգամ դեմոկրատական ռեժիմի պայմաններում։
«Նշել եմ, որ խոսքի ազատությունը սահամանափակվում է, երբ հասնում է դիմացինի արժանապատվության ոտնահարմանը, և այստեղ խնդիր կարող է առաջանալ կապված վիրավորանքի և զրպարտության հետ։ Եվ որպեսզի ուսանողների մոտ տպավորվի, ես նրանց օրինակներ եմ ներկայացրել։ Մասնավորապես սկսել եմ Scotch and Whiskey ֆիլմից, որտեղ մի դրվագ կա, երբ Սոս Ջանիբեկյանը իր զոհին, որին մարմնավորում է Ռաֆայել Երանոսյանը, ոչ միայն զրկած է լինում ազատ տեղաշարժման իրավունքից, այլ նաև նրան հետևյալ բառն է ասում. «ֆուցն»։ Ես ուսանողներին հարց եմ տալիս՝ հնչող բառը զրպարտչակա՞ն բնույթի արտահայտություն է, թե՞ վիրավորական բնույթի։ Ուսանողներն այդ պահին չեն կարողանում կողմնորոշվել և ճիշտ պատասխանել, ես մոտ 40 րոպեանոց դասախոսություն եմ նվիրում այս երկու հասկացությունների տարբերությանը։ Վերջում բոլորը միանշանակ հանգում են այն եզրակացության, որ սա վիրավորական բնույթի արտահայտություն է։ Ուսանողներից մեկը դասախոսությունը լսելու և հասկանալու փոխարեն զբաղվել է այլ անթույլատրելի գործունեությամբ։ Մասնավորապես՝ առանց ինձ հարցնելու, առանց իմ թույլտվությունը ստանալու ինձ գաղտնի նկարել է։ Նա, ըստ էության, խախտել է ոչ միայն իմ անձնական գաղտնիության իրավունքը, այլ նաև իմ հեղինակային իրավունքը, որովհետև իմ դասախոսությունը ամբողջական ներկայացնելու փոխարեն, միայն պատառիկ է ներկայացրել, որտեղ գրատախտակի վրա գրված է «խոսքի ազատություն, վիրավորանք և զրպարտություն, և այդ արտահայությունը», քանի որ հանգել ենք այն եզրակացությանը, որ դա վիրավորանք է»,–ասաց Մանուկյանը։
Սահակ Մանուկյանը, իր խոսքով, ֆիլմից բացի այլ օրինակներ էլ է բերել իրական կյանքից՝ ցույց տալու համար, որ նույն բառը մի դեպքում կարող է դիտարկվել որպես վիրավորանք, մեկ այլ դեպքում՝ զրպարտություն։