Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Կլոդ Մակելելեն խորհուրդ է տվել «արքայական» ակումբի ղեկավարությանը պայմանագիր կնքել ՊՍԺ-ի բրազիլացի պաշտպան Մարկինյոսի հետ։
«Ես միշտ ցանկացել եմ տեսնել Մարկինյոսին «Ռեալում»։ Ես պաշտում եմ այդ տղային։ Նրա հետ աշխատել եմ ՊՍԺ-ում, երբ Անչելոտիի անձնակազմի անդամ էի։ Նրա որակը, աշխատասիրությունը, կիրքը, համբերությունը… Նա անհավանականորեն առաջադիմել է։ Իհարկե, նա այժմ խաղում է աշխարհի լավագույն թիմում՝ ՊՍԺ-ում։ Բայց նա հենց այն տեսակի խաղացողն է, որին ես կցանկանայի տեսնել «Ռեալում»։
Մարկինյոսը շատ խելացի է։ Այսօր ես շատ պաշտպաններ չեմ տեսնում, որոնք կարող են նրա մակարդակի խաղ ցուցադրել։ Ինձ համար Մարկինյոսը երազանքի խաղացող է, բայց ես չեմ կարծում, որ ՊՍԺ-ն բաց կթողնի նրան»,— ասել է Մակելելեն Trivela-ին տված հարցազրույցում։
31-ամյա բրազիլացու գործող պայմանագրի ժամկետը փարիզյան գրանդի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսը։