Մարտունակից պաշտպանունակ․վարչապետը՝ բանակի հայեցակարգի փոփոխության մասին

Զինված ուժերի զարգացման ռազմավարության հիմքում լինելու է ոչ թե մարտունակ, այլ պաշտպանունակ բանակի մոդելը՝ Ազգային ժողովում հաջորդ տարվա պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ բանակի առաքելությունը սահմանափակվում է երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանների պաշտպանությամբ։ Մինչ իշխանությունը վերասահմանում է բանակի գաղափարական հիմքերը, ընդդիմությունը մտահոգության առարկա է համարում  պաշտպանական բյուջեի կրճատումը։ Կառավարությունը վստահեցնում է՝ ծախսերի նվազումը չի վտանգում բարեփոխումների ընթացքն ու Զինված ուժերի պաշտպանունակությունը։

Հայաստանը շարունակում է քայլեր անել բանակն ուժեղացնելու և Զինված ուժերի հայեցակարգը զարգացնելու ուղղությամբ՝ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2026–ի պետբյուջեի նախագծի քննարկմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք զարգացնում ենք այն գաղափարական հիմքերը, որոնց վրա պետք է կառուցվի մեր բանակը։ Հայաստանի Հանրապետության բանակը խնդիր չունի լուծելու ՀՀ-ի միջազգայնորեն ճանաչված, ինքնիշխան տարածքից դուրս։ Մենք կարևորում ենք, որ մեր խոսքում «մարտունակ բանակ» արտահայտությունը փոխարինենք «պաշտպանունակ բանակ» հասկացությամբ»։

Վարչապետի խոսքով՝ այս ձևակերպումը կարևոր է, քանի որ ընդգծում է բանակի հիմնական առաքելությունը։ Հայաստանի զինված ուժերը պետք է պաշտպանունակ լինեն, կարողանան պաշտպանել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ինչպես նաև քաղաքացիներին։

Այս համատեքստում խորհրդարանական ընդդիմությունն իշխանություններին հարց է ուղղում՝  ինչպես կարելի է մարտունակ բանակ ստեղծել պաշտպանության ոլորտի ծախսերի կրճատմամբ։ Հաջորդ տարվա բյուջեի նախագծով՝ կառավարությունը մտադիր է ավելի քան 15 %-ով կրճատելու ռազմական բյուջեն։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ բանակի բարեփոխումների վրա ֆինանսավորման կրճատումը չի ազդի։  Նախագծով՝ պաշտպանության նախարարությանը 2026-ին կհատկացվի 563 միլիարդ դրամ կամ մոտ 1,5 մլրդ դոլար։ 2025-ի համեմատ՝ ռազմական ծախսերը կկրճատվեն մոտ 265 մլն դոլարով։

«Մեզ մեղադրում են բյուջեն կրճատելով բանակը քանդելու համար, սակայն 2025–ի ծախսերը վերաբերում են հենց բանակի արդիականացմանը և չեն կարող խոչընդոտել բարեփոխումների ընթացքը։ 2024–ին պաշտպանության բյուջեն կազմել է 556 մլրդ դրամ, իսկ 2026–ին նախատեսվում է 567 մլրդ դրամ,ինչը տարբերությամբ մոտ 11 մլրդ դրամ է։ Եթե շարունակվեր բնականոն աճը, երկու տարվա տարբերությունը կարող էր լինել մոտ 5–ական մլրդ դրամ, և որևէ հարց չէր առաջանա։ Սակայն քանի որ մենք 2025-ին կատարել ենք ավելի մեծ ծախս, քան նախատեսված էր, առաջացել է այս անհամաչափությունը»։

Ըստ պաշտպանության նախարարի ներկայացրած տվյալների՝ 2018–ին պաշտպանական ծախսերը կազմել են 245 մլրդ դրամ, 2025–ին դրանք հասել են 667 մլրդ դրամի։ Այսինքն՝ պաշտպանական ծախսերը վերջին յոթ տարիներին աճել են շուրջ 1,1 մլրդ դոլարով՝ ասել է Սուրեն Պապիկյանը։

«2022 –ին մենք որոշում ենք ընդունել, որ պետք է փոխենք մեր բանակի որակը։ Տեսնում ենք էական տարբերություն 2022 և 2023 թթ․ միջև։ Տարածաշրջանային իրավիճակը հաշվի առնելով՝ 2023–25 թթ․ տեղի է ունեցել բյուջեի աճ, ինչը նշանակում է, որ մենք մեր ապագայի ծախսերը մոտեցրել ենք, արագացրել ենք»։

Նախարարի խոսքով՝ 2025 և 2026 թթ․ միջև եղած տարբերությունը ցույց է տալիս, որ մի շարք ծախսեր հաջորդ տարվանից տեղափոխվել են այս տարի՝ հաշվի առնելով զենքի և սպառազինության ձեռքբերման գործընթացի բարդությունը։

«Զենքի գնումները պարզ գործընթացներ չեն։ Անհրաժեշտ է կատարել կանխավճարներ, երկարաժամկետ պայմանագրեր, և այդ պատճառով որոշել ենք 2026–ի համար նախատեսված ծախսերի մի մասը տեղափոխել 2025 թ․»։

Նախարարի խոսքով՝ այս տարիներին ավելացել են ոչ միայն պաշտպանական ոլորտում ներդրումների, այլև զինծառայողներին սոցիալական աջակցության ծավալները, ատեստավորման համակարգի միջոցով բարձրացել են աշխատավարձերը։

Leave a Comment