Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պարզաբանել է, թե ինչու է Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ժամանակ համաձայնություն տվել Ադրբեջանի առաջարկած երկու հոդվածներին, որոնց ի սկզբանե համաձայնություն չէր տվել։
Հայաստանը և Ադրբեջանը 2025 թվականի մարտին հայտնեցին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի և համաձայնագրի տեքստի համաձայնեցման մասին։ Հայաստանը մինչ այդ համաձայնություն չէր տալիս Ադրբեջանի առաջարկած երկու հոդվածներին, որոնցից մեկը վերաբերում էր համաձայնագրի ստորագրումից հետո երկու երկրների սահմանին երրորդ ուժերի տեղակայումից հրաժարվելուն, իսկ մյուսը՝ միջազգային դատարաններից միմյանց դեմ ներկայացված հայցերը հետ քաշելուն։ Սակայն վերջնարդյունքում Հայաստանը համաձայնություն տվեց այդ հոդվածներին, և կողմերը հայտարարեցին խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման մասին։
Ազգային ժողովում ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը սկզբում համաձայնություն չէր տալիս վերը նշված հոդվածներին, իսկ հետո համաձայնություն տվեց դրանց այն ժամանակ, երբ Ադրբեջանը պարբերաբար կրակոցներ էր արձակում Սյունիքի մարզի բնակավայրերի ուղղությամբ։ Պատգամավորը հիշեցրել է, որ վերը նշված հոդվածների շուրջ Երևանի համաձայնությունը ստանալուց հետո Ադրբեջանը դադարեցրեց Սյունիքի բնակավայրերի ուղղությամբ կրակոցները։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարը պարզաբանել է, որ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքում ինչ-որ պահի եկան այն համոզման, որ այդ հոդվածների հետագա կատարելագործման ուղղությամբ ջանքերը և ժամանակը կարող են վտանգի տակ դնել մնացած բոլոր հոդվածներով ձեռք բերված և թղթին հանձնված համաձայնությունները:
«Մենք եկանք համոզման, որ այդ ուղղությամբ աշխատանքներն ավելի դյուրին կերպով կընթանան և ավելի դրական լուծման հնարավորություն կունենան արդեն հաստատված խաղաղության պայմաններում: Այս պատճառով էր, որ մենք մարտի կեսերին հայտարարեցինք, որ տեքստը փոխհամաձայնեցված է, և մենք պատրաստ ենք օր առաջ սկսել խորհրդակցություններ ստորագրման տեղի և ամսաթվի հստակեցման շուրջ»,- նշել է Արարատ Միրզոյանը:
Հայաստանն ու Ադրբեջանը 2025 թվականի օգոստոսի 8-ին նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը։