«Վրացական երազանք» կուսակցության վարած քաղաքականության պայմաններում Վրաստանը ԵՄ անդամ չի դառնա նույնիսկ 2030 թվականին․ վրացական «Պիրվելի» թերթին տված հարցազրույցում ասել է Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը․ գրում է apsny.ge-ն։
Նրա խոսքով՝ «Վրացական երազանքը» քարոզչություն է վարում Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու դեմ։
«Լրագրողների, քաղաքական հակառակորդների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ձերբակալությունը չի համապատասխանում ԵՄ անդամակցության թեկնածու երկրից մեր սպասելիքներին։ Ահա թե ինչու ես կոչ եմ անում Վրաստանի իշխանություններին դադարեցնել հակաժողովրդավարական քայլերը, որոնք ավելի են հեռացնում Վրաստանին Եվրամիությունից»,- ասել է նա։
«Մենք մշակում ենք անվիզա ռեժիմը կասեցնելու նոր մեխանիզմ, որը կհաստատվի նոյեմբերին, որից հետո մենք կքննարկենք բազմաթիվ տարբերակներ և հնարավորություններ Վրաստանի հետ անվիզա ճանապարհորդության վերաբերյալ։ «Վրացական երազանքը» պարզապես պետք է լսի և ավելի ուշադիր նայի, թե ինչ ենք անում Եվրոպայում»,- հավելել է նա։