«Բարսելոնայի» գլխավոր մարզչի օգնական Մարկուս Զորգը կիսվել է իր մտքերով «Ռեալի» դեմ կայանալիք սկզբունքային դիմակայության նախօրեին։ Այսօր կատալոնացիները Լա Լիգայի 10-րդ տուրում մրցելու են Մադրիդում, սակայն թիմը ստիպված կլինի հանդես գալ առանց գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի, ով բաց կթողնի խաղը որակազրկման պատճառով։
«Նման խաղերը միշտ 50-ը 50-ի են։ Կհաղթի նա, ով ավելի լավ խաղա, ամեն ինչ պարզ է»,- հայտարարել է Զորգը՝ շեշտելով հանդիպման անկանխատեսելիությունը։
Մարզիչի օգնականը նշել է, որ Ֆլիկի բացակայությունը մեծ կորուստ է թիմի համար, բայց շտաբը պատրաստ է մարտահրավերին.
«Մեզ միշտ պակասում է Հանսի Ֆլիկը, երբ նա մեր կողքին չէ։ Նա թիմի ամենակարևոր մասն է։ Մենք բոլորս գիտենք, թե ինչ պետք է անենք»։
Զորգը նաև մանրամասներ է ներկայացրել «Բարսելոնայի» մարտավարական մոտեցման վերաբերյալ՝ ընդգծելով թիմի հիմնական սկզբունքներին հավատարիմ մնալու կարևորությունը.
«Մենք պետք է ամեն ինչ ճիշտ անենք՝ բարձր պրեսինգ կիրառենք և բարձր խաղանք։ Եթե մենք ինչ-որ բան փոխենք, կկորցնենք մեր կառուցվածքը, և դա մեզ չի օգնի»։
Ինչ վերաբերում է կազմին, Զորգը հաստատել է, որ Ռաֆինյան չի մասնակցի խաղին, սակայն հավելել է.
«Մենք բավականաչափ խաղացողներ ունենք։ Կփորձենք խաղադաշտ դուրս բերել Ֆերանին»։