
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի կարծիքով՝ մինչև «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունը արված գրառումներով և հայտարարություններով Վազգեն Սարգսյանը որոշակի պատասխաններ տվել է:
Արամ Սարգսյանը հիշեցնում է՝ սպարապետն ասում էր՝ «մի օր Մեղրին պայթելու է Երևանի կենտրոնում»: Ըստ նրա՝ սակայն նա այսօրվա իշխանություններին նկատի չուներ:
«Կամ երբ ասում էր՝ «դուք մեռոնին թույն կխառնեք»: Ի՞նչ ի նկատի ուներ Վազգեն Սարգսյանը, որ ասում էր՝ «Մեղրին ավելի կարևոր է, քան Ղարաբաղը», որ «Մեղրին աշխարհի մեծերին մեր տան դուռն է բերելու»: Սա վերաբերում էր նրան, որ այսօր աշխարհի մեծերին մեր դուռն է բերել»,- ասում է քաղաքական գործիչը:
Ըստ «Հանրապետություն» կուսակցության ղեկավարի՝ Մեղրիի տարբերակը՝ որպես բանակցային մաս, մտել է Ռոբերտ Քոչարյանի իշխանավարության ժամանակ, և ըստ նրա՝ դա քաղաքական կոպտագույն սխալ է եղել, եթե ոչ դավաճանություն, որը մեր երկրին լուրջ փորձությունների առաջ է կանգնեցրել, այդ թվում՝ տեղի է ունեցել «Հոկտեմբերի 27»-ը. «Շատ բնական է, որ այսօր էլ ՌԴ-ն նոյեմբերի 9-ի 9-րդ կետ է ուզում, այսինքն՝ Մեղրիով միջանցք»:
Արամ Սարգսյանը նաև հավելում է. «Քոչարյանն ինձ ուղիղ ասաց՝ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը կողմ էին սրան, ես ասացի՝ այդպես չէ, ցույց տվեցի Վազգենի գրառումը, որտեղ Վազգենը գրել էր՝ «ես ու պապին դեմ ենք»: Ես ասացի, որ այս գրառումից 4 հոգու մոտ կրկնօրինակ կա, որ եթե ինձ հետ էլ բան պատահեր, հրապարակեին, այսինքն՝ Քոչարյանն ինձ ասել է, որ Մեղրիի տարբերակի հեղինակը ինքն է»:
Անդրադառնալով մինչ օրս «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության չբացահայտված լինելու փաստին՝ Սարգսյանը նկատում է. «Ռուսաստանի գնդապետներից մեկը, որին թունավորել են, մահանալուց առաջ ասել էր, որ «Հոկտեմբերի 27»-ը կազմակերպել են ռուսական հատուկ ծառայությունները. «Հոկտեմբերի 27-ից հետո ում զանգել է Նաիրի Հունանյանը, նրանք ինձ համար ոճրագործության կազմակերպիչ են»:
Քաղաքական գործիչը համոզված է՝ «Հոկտեմբերի 27»-ով Հայաստանում սպանվել է ժողովրդավարությունը. «Եթե Վազգեն Սարգսյանը ուժի միջոցով ուզենար հարց լուծեր, ինչպես Սերժ Սարգսյանն էր ասում, ինչքան ուզեր խփեր, դրա համար 2 ամիս չէր խնդրի Կարեն Դեմիրճյանին, որ դաշինք կազմեն»:
Սարգսյանը կարծում է, որ «Հոկտեմբերի 27»-ը հնարավոր էր կանխել, որտեղ մեծ անելիք ունեին իրավապահ մարմինները:
Վերջինս անհեթեթ է համարում այն պնդումները, թե Վազգեն Սարգսյանն է Ռոբերտ Քոչարյանին բերել Հայաստան. «Մոսկվայից է պարտադրվել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Քոչարյանին դարձնի վարչապետ»:
Նա երբեք ցանկություն չի ունեցել հանդիպել Նաիրի Հունանյանի հետ, քանի որ դա տհաճ է համարում և անիմաստ: Ասում է՝ կարելի է հանդիպել Կալաշնիկովը ստեղծողի հետ, բայց ոչ Կալաշնիկով զենքի: Ըստ նրա՝ Հունանյանը գործիք է, բայց երբեք չի ընդունի, որ գործիք է եղել:
Անդրադառնալով Գարեգին Բ-ի շուրջ ծավալվող իրադարձություններին՝ Սարգսյանն ասում է՝ Հայ առաքելական եկեղեցին որքան էլ ասի՝ քաղաքականությամբ չեն զբաղվում, սուտ է, քանի որ զբաղվում են:
«Եկեղեցու ներսում խնդիր կա. սպասավորները շեղվել են և դուրս եկել իրենց ծառայությունների դաշտից: Իրենց վերջին տարիների քարոզը որևէ կապ չունի Սուրբ գրքի հետ, ընդհակառակը՝ չարություն, անհանդուրժողականություն, ռազմական հեղաշրջում, ավելի մեծ վնաս եկեղեցուն տալ անհնար է, և սա սկսվեց Բագրատ սրբազանով, որ ասաց՝ ունի վեհափառի օրհնությունը: Թող հոգևորականների շորերը հանեն մտնեն Դաշնակցություն, ավելի դաշնակ դառնան, ավելի ռուս դառնան»,- նկատում է նա:
Քաղաքական գործիչը կարծում է, որ կաթողիկոսը անձեռնմխելի չէ. որևէ հագուստ և տիտղոս չեն կարող խրախուսել մարդուն, որ նա անօրինություններ անի և անպատիժ մնա:
Արամ Սարգսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում նաև պատմել է, թե ինչ անհամաձայնություններ են եղել Ռոբերտ Քոչարյանի հետ իր վարչապետության ժամանակ:
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ