Վաշինգտոնն ու Պեկինը շաբաթավերջին առեւտրային լայնամասշտաբ պատերազմից խուսափելու եւս մեկ փորձ կանեն

Նախատեսված է, որ հանգստյան օրերին Մալայզիայում տեղի կունենա Չինաստանի փոխվարչապետ Հե Լիֆենգի և ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի հանդիպումը։ Նրանք շարունակելու են առեւտրի շուրջ բանակցությունները` փորձելով խուսափել փոխադարձ նոր մաքսային սահմանափակումների հերթական փուլից, հայտնում է գերմանական dpa գործակալությունը։

Հաջորդ շաբաթ Հարավային Կորեայում նախատեսված է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովը, որին մասնակցելու են երկու երկրների առաջնորդները։

Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի երկար սպասված անձնական հանդիպումը դեռևս հաստատված չէ, թեեւ գագաթնաժողովը տեղի կունենա հինգշաբթի օրը։

Վաշինգտոնը և Պեկինը շարունակում են բանակցությունները՝ փորձելով խուսափել երկու գերտերությունների միջև առևտրային պատերազմից։

Թրամփի մաքսատուրքերի անկանխատեսելի քաղաքականությունը եւ  հազվագյուտ մետաղների մատակարարման վրա Չինաստանի վերահսկողությունը բարդացնում են համաձայնության հասնելու ջանքերը։

Թրամփը հայտարարել է, որ, իր կարծիքով, կողմերը կհաջողեն «համաձայնության գալ» մինչև նոյեմբերի 1- ը։ Այդ օրը ուժի մեջ է մտնելու Չինաստանից ԱՄՆ ներկրվող ապրանքների նկատմամբ 100% մաքսատուրքը։

Երկու առաջնորդները Թրամփի Սպիտակ տուն վերադառնալուց հետո դեռ չեն հանդիպել, նրանց միջեւ վերջին դեմառդեմ հանդիպումը եղել է 2019թ. Օսակայում՝ G20-ի գագաթնաժողովի ընթացքում։

Leave a Comment