Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

Գյումրու քաղաքապետի ձերբակալությամբ Փաշինյանը ջախջախիչ հարված հասցրեց իր հակառակորդներին. «Նեզավիսիմայա գազետա»

Ռուսական լրատվամիջոցի հոկտեմբերի 21-ի այս հոդվածը թարգմանաբար ներկայացնում ենք ոչ մեծ հապավումներով: 

Հայաստանում կաշառքի մեղադրանքով երկու ամսով կալանավորել են Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Նա ընտրվել է ընդամենը կես տարի առաջ, բայց ընդդիմությունը հասցրել է նրան դարձնել իր խորհրդանիշներից մեկը: Ընդսմին Ղուկասյանը հայտնի է ոչ միայն իբրեւ քաղաքական գործիչ: Տեղական լրատվամիջոցների հրապարակումներում նա ներկայացվել է նաեւ որպես քրեական հեղինակություն՝ Վարդանիկ, որը 1990-ականներից վերահսկում էր Գյումրին:

Ղուկասյանի հետ միասին ձերբակալվել է եւս յոթ անձ, այդ թվում՝ Գյումրու գլխավոր ճարտարապետը:

Ղուկասյանը նոր ղեկավար չէ Գյումրիում: Նա քաղաքը ղեկավարել է 1999-ից 2012 թվականներին եւ այդ ընթացքում հասցրել է իրեն դրսեւորել որպես քրեական  հեղինակություն՝ ընդունակ հարկավոր արդյունքին հասնելու ցանկացած միջոցով… Թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո Փաշինյանը խոստացել էր վերացնել քրեական տարրը քաղաքականության մեջ: Ի պատասխան՝ նախկին քաղաքապետը հայտարարել էր, թե աշխարհում օրենքով գողերից ավելի խելամիտ մարդիկ չկան, եւ որ իր կառավարման օրոք Գյումրին Հայաստանի «ամենից ոչ կրիմինալ» քաղաքն էր:

Չնայած այս ամենին, 2025 թվականի ապրիլին Ղուկասյանը կրկին դարձավ Գյումրու քաղաքապետ: ՏԻՄ ընտրություններում նա գլխավորեց Կոմունիստական   կուսակցության ցուցակը, որը հավաքեց ձայների 20%-ը, սակայն ընդդիմությունը կարողացավ միավորվել Ղուկասյանի շուրջը (ավագանու նիստում իրենց ձայները նրան տալը – Գ. Մ.): Կառավարության հակառակորդների համար սա դարձավ երկար ժամանակի ընթացքում առաջին վճռական հաղթանակը:

Հոկտեմբերի 1-ին Փաշինյանը հայտարարեց, որ երկրի երկրորդ ամենամեծ քաղաքը (բնակչությունը՝ մոտավորապես 110 հազար) գտնվում է մի գողի վերահսկողության տակ, որը կասկածի է ենթարկում հանրապետության ինքնիշխանությունը: «Նմաններին մենք պետք է դուրս շպրտենք քաղաքական եւ հանրային կյանքից»,- ընդգծեց վարչապետը:

Ղուկասյանը չի հաշտվել Ղարաբաղի համար երկրորդ պատերազմում Հայաստանի պարտությանը եւ դրա համար մեղադրում է Փաշինյանին: Նրա կարծիքով՝ եթե վարչապետն աշխատեր Մոսկվայի հետ դաշինքն ամրապնդելու ուղղությամբ, դա տեղի չէր ունենա: Այս պատճառով նա Երեւանին կոչ է անում մտնել Ռուսաստանի եւ Բելոռուսի միութենական պետության մեջ: Փաշինյանը կարծում է, որ դա կհանգեցնի Հայաստանի ինքնիշխանության կորստին:

Այսպես թե այնպես, ապրիլի (պետք է լինի՝ հոկտեմբերի – Գ. Մ.) 20-ի առավոտյան Ղուկասյանը, իմանալով, որ ուժայինները գալիս են իր ետեւից, բարիկադավորվեց քաղաքապետարանում եւ դիմեց իր կողմնակիցներին. «Գյումրու հպարտ եւ արդար բնակիչներ: Եկել է ժամանակը պաշտպանելու մեր քաղաքը եւ մեր արժանապատվությունը… Մենք՝ գյումրեցիներս պարտավոր ենք պահպանել  քաղաքապետ ընտրելու եւ նրան պաշտպանելու իրավունքը: Միավորվեք, բարձրաձայնեք, մի՛ լռեք: Գյումրին ուժեղ է իր մարդկանցով»,- հայտարարեց նա:

Այդ պահին արդեն քաղաքապետարանի մոտ հավաքվել էր նրա աջակցության խումբ՝ ներառյալ կոմունալ ծառայությունների եւ այլ բյուջետայինների   աշխատակիցներ: Ներկա էին նաեւ մարզական մարմնակազմով տղամարդիկ, որոնք տրամադրված էին պաշտպանել իրենց առաջնորդին բոլոր հասանելի միջոցներով:

Ասենք, նրանք ակնհայտորեն բավարար չէին իրավապահ մարմիններին դիմակայելու համար: Ղուկասյանի ետեւից եկել էր ոչ թե մեկ ոստիկանական կարգախումբ, այլ անվտանգության ուժերի մի ամբողջ բանակ, որը մի քանի րոպեում զավթել էր Գյումրու ամբողջ կենտրոնը: Ի վերջո իրավապահ մարմինների աշխատակիցները քաղաքապետարանի շենքում դռներ կոտրեցին, այնտեղից կասկածյալին դուրս բերեցին ու տարան Երեւանի հակակոռուպցիոն դատարան:

Ուժայինները  չմոռացան նաեւ բողոքի ցույցի մասնակիցների մասին: Հայաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել զանգվածային անկարգություններին մասնակցության համար: Ավելի քան 30 մարդ ձերբակալվել է: Նրանց կարող է  սպառնալ մինչեւ երեք տարվա ազատազրկում:

Ուշագրավ է, որ Երեւանում բողոքի ցույցեր արդեն չեղան: Սկզբում կոռուպցիայի դեմ պայքարի դատարանի մուտքը հսկում էր միայն երեք ոստիկան: Իրենց գործին գնացող երեւանցիներն անցնում էին նրանց կողքով, ասես ոչինչ չէր եղել: Հետո եկել էր  ընդդիմադիրների մի փոքր խումբ, բայց նրանք իրենց հանգիստ էին պահել:

Դատական նիստին պարզվել է, որ Ղուկասյանը մեղադրվում է մի քանի հանցագործությունների մեջ, որոնց մեծ մասը կատարվել է մինչ քաղաքապետ դառնալը: «Նկարագրված գործողություններից մի քանիսը վերաբերում են 2024 թվականի դեկտեմբերին եւ 2025 թվականի փետրվարին: Այդ ժամանակ Ղուկասյանը համայնքի ղեկավար չէր… Վեց կամ յոթ դրվագներից միայն մեկն է վերաբերում նրա ներկայիս լիազորություններին»,- հայտարարել է քաղաքապետի փաստաբանը:     

Բոլոր դեպքերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակառակորդները համոզված են, որ նա վերածվում է բռնապետի: «Հոգեւորականների (արքեպիսկոպոսներ Միքայել Աջապահյան եւ Բագրատ Գալստանյան, եպիսկոպոս Մկրտիչ Պռոշյան եւ այլք), գործարար եւ բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալություններն ու այսօր Գյումրիում տեղի ունեցողը քարը քարին չեն թողնում նիկոլական ժողովրդավարության պղպջակից: Հայաստանում ժողովրդավարություն չկա», – ասում է ՀՀ Հանրապետական   կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խորհրդարանական «Հայաստան» դաշինքը նույնիսկ կոչ է արել համաքաղաքացիներին պայքարել ռեժիմի դեմ: «Մենք կոչ ենք անում հայ քաղաքացիներին ամենուրեք մերժել այս կառավարությանը: Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին: Վստահ եղեք, նա կպարտվի այս պատերազմում»,- ասվել է հայտարարության մեջ:

Շնորհազրկված օլիգարխ Կարապետյանի «Մեր ձեւով» շարժման ներկայացուցիչները Հայաստանի բնակիչներին զգուշացրել են, որ վաղ թե  ուշ բռնաճնշումները կհասնեն նրանց բոլորին: «Եթե ժողովուրդը չարտահայտի իր  բողոքը եւ հանդես չգա այս օրերին, Հայաստանը շատ շուտով կդառնա համատարած  բռնապետություն»,- եզրափակել է շարժումը:
   Հայկական լրատվամիջոցներում ոչ ոք չի կասկածում, որ իշխանություններն ու ընդդիմությունն անցել են 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստության հաջորդ փուլին: Իշխանություններն արդեն բանտարկել են հայտնի եկեղեցականների, ընդդիմության ընտրարշավը ֆինանսավորելու ունակ օլիգարխի եւ քաղաքապետի, որը ապացուցել է, որ ռեժիմը կարող է պարտվել: Մյուս կողմից, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Բաքուն հանել է դեպի Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումները, ինչին Փաշինյանը ձգտում էր Ղարաբաղի համար երկրորդ պատերազմի ավարտից ի վեր: Առաջին հասցվող բեռը կլինի Ղազախստանից բերվող հացահատիկը: Ընդդիմությունն առայժմ պարծենալու բան չունի:

Թարգմ. Գ. Մ. 

Լուսանկարը՝ «Երկրամաս» թերթի կայքից

Leave a Comment