Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է միգրացիոն փոփոխությունների արդյունքում բեռնատարների հայ վարորդների խնդիրներին։ Նա նշել է, որ այդ հարցը գտնվում է ՌԴ ներքին գործերի և տրանսպորտի նախարարությունների իրավասության ներքո։
Զախարովան հավելել է, որ բոլոր համապատասխան գերատեսչությունները նպատակաուղղված են խնդիրը «շուտափույթ լուծել», սակայն կոնկրետ ամսաթիվ նա չի նշել։ «Կարող եմ ճշտել մեր գործընկերներից և ներկայացնել, եթե կլինի ավելի ընդլայնված պատասխան»,- ասել է նա։
Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել էր, որ Հայաստանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանին՝ առաջարկելով, որ 90 օրվա փոխարեն սահմանափակումը դառնա 180 օր, և ստացել է դրական արձագանք։