Ազգային արժանապատվության մասին մեզ դաս թող չտա ինչ-որ մի քաղաքական միավոր, որին «վերբովկա» է արել КГБ-ն. Վահագն Ալեքսանյան


Տեսանյութը միացնում եք, որտեղ վարչապետն ասում է՝ պիտի զրոյացվեն ժամկետանց վարկերի… Այդտեղ անջատվում է ձեր տեսանյութը, բայց վարչապետի խոսքը շարունակվում է՝ ժամկետանց վարկերի տույժերը և տուգանքները: Դա ասում է հեղափոխության ժամանակ՝ այդ ժամանակ դեռ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեղադրանքներին և ի պատասխան նրա հնչեցրած տեսանյութի:


Ալեքսանյանի խոսքով՝ արդեն ՀՀ վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը և Կառավարությունը տանում են կոնկրետ աշխատանքներ բանկերի հետ, իսկ Դանիելյանը վարչապետի իրականացված խոստումը ներկայացնում է որպես չիրականացված խոստում, այնինչ դա իրականացված փայլուն խոստում է:


«Այո՛, մենք ազատել ենք մարդկանց, վարչապետը խոստացել է հեղափոխության ժամանակ, և դա արել է Կառավարությունը՝ ներելով ոչ թե վարկերն ամբողջությամբ, նման խոստում ոչ ոք չի տվել, որքան էլ Դաշնակցության քարոզչական թևը դա փորձել է կտրել, մանիպուլացնել: Նման խոստում չի եղել, որ բոլոր վարկերն են ջրվելու, եղել է տույժերի և տուգանքների մասին, և դա արվել է:


Բայց մենք դրանով էլ չենք սահմանափակվել»,- պարզաբանեց Ալեքսանյանը՝ տեղեկացնելով, որ հիմա գործարկվել է նոր ծրագիր, որով մարդիկ իրենց անհուսալի վարկերը կարողանում են սեփական եկամտահարկից մարել:


«Քոչարյանի կամ Սերժի մտքով կարո՞ղ էր նման բան անցնել. չէ, չէր անցնի: Բա ո՞վ պետք է դղյակները կառուցեր: Մենք մեր խոստումները գերակատարել ենք: Հենց սա է հարցը, որ դուք մեր տված խոստումը մանիպուլացնում եք, կեղծում եք ու բերում, ներկայացնում որպես չարված»,- ասաց պատգամավորը: 


Պատախանելով ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանի մեղադրանքներին, որը շոու էր որակել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ձերբակալելը, Ալեքսանյանն ասաց՝ պետք է հասկանալ՝ ով է իրականում շոու անում:


«Պարզվեց՝ շոուն դուք եք անում, պարո՛ն Մինասյան: Աղմուկը դուք եք բարձրացնում, շոուն դուք եք սարքում: Մարդիկ գնացել էին, որ խուզարկություն անեին և ձերբակալեին, բայց, չէ, «հասե՛ք, բռնաճնշում է, Վարդանիկը քաղբանտարկյալ է»: Շատ հետաքրքիր լայվեր էին ստացել ընդդիմադիր լրատվականները: Ձայնագրությունը լսում ես, զարմանում ես՝ ոնց կարող է դա լինել քաղաքական հետապնդում»,- ասաց նա:


Ալեքսանյանը, անդրադառնալով Դաշնակցության գործունեությանը, նշեց՝ խորհրդային հետախուզությունն է խոստովանել, որ Դաշնակցության շարքերը ներդրել են КГБ-ի գործակալներ:


Նրա խոսքով՝ հենց դա է պատճառը, որ Դաշնակցությունն անկախության համար չի պայքարում:


«Պարոն Մանուկյանն (պատգամավոր Գեղամ Մանուկյան – խմբ.) ասում է՝ մեկ էլ բոլշևիկներն էին Դաշնակցության դեմ պայքարում: Ո՞ր բոլշևիկները: Այն նույն կոմունիստ բոլշևիկները, որոնց հետ հիմա Գյումրիում, կներեք արտահայտությանս համար, օրթա՞խ եք: Չէ, դուք կոմունիստ եք: Կոմունիստական կուսակցության աջակից եք: Դա նորմալ բան չի, ժողովո՛ւրդ ջան: Դա խարան է, որը դուք հիմա կրում եք, էլ չասեմ, որ Կոմունիստական կուսակցության թեկնածուն Վարդանիկն է:


Ազգային արժանապատվության մասին, անկեղծ եմ ասում, ամենայն հարգանքով, մեզ դաս թող չտա ինչ-որ մի քաղաքական միավոր, որին «վերբովկա» են արել, որին КГБ-ն սարքել է իր չգիտեմ ինչը:


Չեք կարող արժանապատվության մասին մեզ դաս տալ, չեք կարող ազգային արժանապատվության նվաստացման մասին խոսել:


Ազգային արժանապատվությունը ՀՀ-ին ծառայելն է, ոչ թե խորհրդային կամ ռուսական КГБ-ին ծառայելը, ու հիմա էլ գնացել, Գյումրիում աջակցում եք Կոմկուսի թեկնածու Վարդանիկին, որը պարբերաբար ասում է՝ Հայաստանը Բելառուսի օրինակով պետք է մտնի Միութենական պետության կազմ»,- ընդգծեց Ալեքսանյանը:

Leave a Comment