Ղազախստանում բեռնատարի և «Գազելի» բախման հետևանքով մահացել է 12 մարդ, կան վիրավորներ

Ղազախստանի Այտեկեբի շրջանի Բելկոպա գյուղի մոտակայքում «Դաֆ» բեռնատարի և մարդատար «Գազել»-ի բախման հետևանքով մահացել է 12 մարդ, հայտնում է Kazpravda.kz-ն՝ հղում անելով Ակտոբեի շրջանի ոստիկանության վարչության մամուլի ծառայությանը։

Վթարի հետևանքով զոհվել են «Գազել»-ի երկու վարորդներն ու 10 ուղևոր, 5 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Ըստ հաղորդագրության՝ վիրավորներից երեքը գտնվում են ծանր վիճակում, երկուսը՝ միջին ծանրության։

Վթարի փաստով նախաքննություն է սկսվել, հարուցվել է քրեական գործ։ Ներքին գործերի նախարարի հանձնարարությամբ՝ վթարի հետևանքով զոհվածների հարազատներին կցուցաբերվի համապարփակ օգնություն, այդ թվում՝ նրանց մարմինների տեղափոխման և հուղարկավորության հարցում:

Նախնական տեղեկություններով՝ «Գազել»-ն իրականացրել է ուղևորների տեղափոխում Ժուրգենևի անվան ավանից դեպի մարզկենտրոն, բեռնատարը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի։

Leave a Comment