Մերձավանում տեղի ունեցած սպանության նախաքննության ընթացքում Քննչական կոմիտեն ստացել է դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը, հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Նա տեղեկացրել է, որ եզրակացության համաձայն՝ կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերված իրերի, մասնավորապես՝ հեռադիտակի մակերեսից և ուսակապիչից, կարմիր գույնի ձեռնոցներից անջատված ԴՆԹ-ները համընկնում են Գ.Հ.-ին (Գևորգ Հարությունյանը-խմբ․) բնորոշ գենետիկական բնութագրին։
Սեպտեմբերի 24-ի գիշերը ՆԳՆ-ն հայտնել էր Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության, ինչպես նաև քաղաքացի Արծրուն Գալստյանի վիրավորվելու մասին։ Երկու անձ կալանավորվել էր: Նրանցից մեկը Նարեկ Օհանյանն է՝ փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը, և Ախտոյանի հորաքրոջ որդին, մյուսը՝ նրա ընկերը՝ Հարությունյանը:
2025-ի փետրվարին Օհանյանի եղբոր սպանության պատճառ դարձած կրակոցները հնչել էին Մերձավանի նախկին համայնքապետ Մեհր Ախտոյանի տան մոտ։ Սպանության վարույթով տնային կալանքի տակ էր Փարաքարի սպանված համայնքապետի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը։
