Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանում մեկնարկել է «Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային ֆորում»-ը։
Այն միավորել է բարձրագույն կրթության և հետազոտությունների ոլորտների քաղաքականություն մշակող մարմիններին, միջազգային կազմակերպությունների, ակադեմիական առաջնորդների և փորձագետների՝ քննարկելու բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում զարգացման գլոբալ միտումները և փոխակերպումները:
Ֆորումի բացմանը ներկա են եղել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Վերջինը լրագրողների հետ զրույցում ասել է, որ համաժողովն ըստ էության, ազդարարում է «Ակադեմիական քաղաք» նախագծի լայն իմաստով մեկնարկի մասին։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը իրատեսական է համարում «Ակադեմիական քաղաք» նախագծի իրականացումը մինչև 2030 թվականը։ Նախորդ երկու տարում կառավարությունը միջազգային գործընկերների հետ հստակեցրել է դրա հատակագիծը, այժմ աշխատում է քաղաքի շինարարության մեկնարկի ուղղությամբ․
«Ուզում եմ հիշեցնել, որ առաջին փուլի համար ակադեմիական քաղաքում կունենանք շուրջ 3600 կառույցների և ակադեմիական աշխատակազմի համար նախատեսված կացարաններ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ։ Մյուս փուլերի ժամանակ քաղաքն արդեն կմեծանա և կամբողջանա»։
«Ի՞նչ կարժենա ակադեմիական քաղաքը» հարցին նախարարը թվերով սկսվող պատասխան չի տալիս, փոխարենը մանրամասնում է՝ այս պահին կառավարությունը մշակում է նաև ֆինանսական ներդրումների նախագիծ։
«Պետք է ասեմ, որ արդեն շատ մեծ հետաքրքրություն կա, օրինակ` Ազգային ստադիոնի մասով կա առանձին ներդրումային առաջարկ, և մենք այժմ դա քննարկում ենք։ Այդպիսի առաջարկներ և հետաքրքրվածություններ առկա են նաև մյուս բաղադրիչներով։ Կարծում եմ, որ առաջիկայում կունենանք նաև հենց ներդրումային աշխատաժողովներ, որտեղ կներգրավենք մասնավոր ոլորտի ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կազմակերպությունների»։

Երևանում մեկնարկած «Ակադեմիական քաղաք Հայաստան, գիտելիքի միջազգային ֆորում» երկօրյա միջազգային համաժողովն, ըստ էության, կառավարության ամենախոշոր ծրագրի՝ «Ակադեմիական քաղաք»-ի լայն իմաստով մեկնակետն է՝ ասում է ԿԳՄՍ նախարարը։ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ֆորումը երկու նպատակ ունի՝ ուսումնասիրել բարձրագույն կրթության և գիտության արդի մարտահրավերներն ու նորարարական զարգացումները և ներկայացնել Հայաստանի ռազմավարական տեսլականը՝ միջազգային կրթության և հետազոտությունների առաջմղման համար․
«Այս օրերին` հոկտեմբերի ընթացքում, «Ակադեմիական քաղաք» նախագիծն այցելում է մեր երկրի տարբեր քաղաքներ, և մենք բազմաթիվ հրաշալի նախաձեռնություններ ենք տեղում տեսնում․ հարյուրավոր երեխաներ, ուսուցիչներ, քաղաքացիներ պարզապես ներգրավվում են այս գործընթացի մեջ, և սա իսկապես դառնում է արշավ, որովհետև Ակադեմիական քաղաքը առաջին հերթին մեր հանրության համար է»։
Ֆորումին մասնակցում են կրթական ոլորտի քաղաքականություն մշակողներ և կրթության փորձագետներ Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Սաուդյան Արաբիայից, Սերբիայից, ՅՈՒՆԵՍԿՕ-ից, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունից և Ասիական զարգացման բանկից։ Ֆորումի հատուկ հյուրը Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միկանաձեն է։ Վերջինս նկատում է՝ Վրաստանի կառավարությունն ավելի շուտ է սկսել աշխատել «Ակադեմիական քաղաք» ծրագրի նմանությամբ այլ ծրագրի վրա, և վրացական փորձը կարող է հետաքրքիր ու օգտակար լինել հայ գործընկերների համար․
«Վերջերս Վրաստանի վարչապետը հրապարակավ ներկայացրեց մի հայեցակարգ, որը վերաբերում է համալսարանական կրթության հիմնարար բարեփոխումներին։ Այն կքննարկվի թիրախային լսարանի հետ առաջիկա շաբաթներին, ապա կհաստատվի կառավարության կողմից հաջորդ շաբաթ։ Մենք կանոնավոր կերպով համագործակցելու ենք Տնտեսական զարգացման նախարարության հետ, բիզնես ոլորտի հետ, անցկացնելու ենք հետազոտական աշխատանքներ՝ սահմանելու այն մասնագիտություններն ու ոլորտները, որտեղ մեզ անհրաժեշտ են որոշակի մասնագետներ։ Մեզ համար կարևոր է ստեղծել համալսարանական կրթության նոր կենտրոն, որը որոշակի հավասարակշռություն կստեղծի Վրաստանի երկու խոշոր քաղաքների միջև։ Այնուամենայնիվ, մենք նաև կամրապնդենք հինգ պետական տարածաշրջանային համալսարաններ: Մեր նպատակն է նաև զարգացնել կարողություններն ավելի նեղ ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը և մանկավարժական կրթությունը: Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեր գործընկերների հետ մենք կանոնավոր կերպով փոխանակվում ենք տեղեկատվությամբ՝ փորձելով ստանալ տեղեկատվություն, թե ինչպես է ընթանում իրավիճակը Հայաստանում, ինչպես նաև կիսվել Վրաստանում կատարվողով, քանի որ միասին մենք ամրապնդում ենք միմյանց, փորձում ենք ցույց տալ, թե ինչպիսի հաջողության պատմություններ ունենք»։
Նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այս փուլում կառավարությունը բաց է առաջարկների, «Ակադեմիական քաղաք» նախագծում փոփոխությունների համար, և երկօրյա համաժողովի միջազգային մասնակիցների խորհուրդներն ու քննադատությունները կնպաստեն նախագծի զարգացմանը։

Ֆորումի բացմանը Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ուշադրություն հրավիրեց արհեստական բանականության և տեխնոլոգիական առաջընթացի ժամանակակից մարտահրավերների պայմաններում գիտելիքի և ստեղծագործելու կարևորությանը։ Խաչատուրյանի դրա լավագույն օրինակը համարում է օրեր առաջ տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացած մասնագետներին։
«Ժոել Մոկիրը, Ֆիլիպ Ագիոն, Փիթեր Հաուիթը զարգացրել են պատկերացումներն այն մասին, թե ինչպես է տեխնոլոգիական առաջընթացը նպաստում մարդկության զարգացմանը, մարդկանց կյանքի որակի բարելավմանը։ Ինչպես նկարագրել է Շումպետերը, ամեն տեխնոլոգիական առաջընթաց ունի 2 դեմք։ Այն ոչնչացնում է հին մեթոդները և ստեղծում է նոր շուկա` ողողելով այն նոր ապրանքներով և մարդկային կարիքները բավարարելու ավելի արդյունավետ եղանակներով։ Նոբելյան կոմիտեի՝ ստեղծագործականության ոչնչացման վրա կենտրոնացումը հատկապես արդիական է այսօր` արհեստական բանականության վերաբերյալ վախերի գերիշխող դարաշրջանում»։
Երկօրյա աշխատաժողովի ընթացքում պանելային քննարկումներ կլինեն ոչ միայն ակադեմիական քաղաքի ու դրա առանձին բաղադրիչների, այլև գլոբալ մարտահրավերների՝ բարձրագույն կրթության թվային փոխակերպման, ստեղծագործ արդյունաբերության վրա տեխնոլոգիաների ազդեցության մասին։
Համաժողովի երկրորդ օրը կմեկնարկի Հայաստանի վարչապետ Փաշինյանի «Կրթությունը որպես ազգային ռազմավարություն» խորագրով մեկժամանանոց բանախոսությամբ։