Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է մեկնել Բուդապեշտ՝ Սպիտակ տան և Կրեմլի առաջնորդների հանդիպմանը մասնակցելու համար։ Սակայն Մոսկվան նախապայմաններ ունի․ պահանջում է, որ ուկրաինական ուժերը դուրս գան Դոնեցկի և Լուգանսկի մարզերից՝ լրագրողներին հայտնել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի դիրքորոշումն այս հարցում չի փոխվել։ Դոնբասում նահանջ չի լինի՝ վստահեցրել է Զելենսկին։
Միաժամանակ Զելենսկին դրական է գնահատել Դոնալդ Թրամփի`ճակատային ներկայիս գիծը սառեցնելու առաջարկը։
Ուկրաինայի նախագահը պատրաստ է միանալ ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների՝ Բուդապեշտում նախատեսված հանդիպմանը․ NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
«Ես պատրաստ եմ: Ես նախագահին ասացի, որ պատրաստ եմ»,-ասել է Զելենսկին՝ արձագանքելով Բուդապեշտի հանդիպման մասին հարցին: Նա ընդգծել է, որ արդար և երկարատև խաղաղությունը պահանջում է երկու կողմերի մասնակցությունը բանակցություններին:
«Ինչպե՞ս կարող են համաձայնություններ լինել առանց մեզ»,-ասել է նա:
Հարցին, թե արդյոք Ուկրաինան պատրաստ է տարածքային զիջումների պատերազմն ավարտելու համար, Զելենսկին ասել է, որ եթե նպատակը ռազմական գործողությունները դադարեցնելն է և խաղաղության բանակցություններ սկսելը, ապա ուկրաինական կողմը պետք է մնա այնտեղ, որտեղ գտնվում է:
Հարցազրույցի Զելենսկին ասել է նաև, որ Ուկրաինան ներկայումս «չի պարտվում պատերազմում, բայց Ռուսաստանը նույնպես չի հաղթում»:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը լրագրողներին ավելի վաղ ասել էր, որ Վաշինգտոնը հույս ունի, որ Վոլոդիմիր Զելենսկին նույնպես կմասնակցի բուդապեշտյան գագաթնաժողովին։ Ավելի ուշ՝ Վաշինգտոնում Զելենսկիի հետ հանդիպումից հետո Թրամփը նշել էր, որ Ուկրաինայի առաջնորդը չի գա Բուդապեշտ, բայց ինքը «կապի մեջ կլինի» նրա հետ։ Ի դեպ, Զելենսկին, ինչպես ԵՄ առաջնորդները, Բուդապեշտը բանակցությունների լավագույն վայր չի համարում՝ հաշվի առնելով Հունգարիայի դիրքորոշումը․ այդ երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը պարբերաբար արգելափակում է Ուկրաինայի համար կարևոր նախաձեռնությունները։
Զելենսկիի հետ հանդիպումից հետո Թրամփը ներկայիս առաջնագիծը սառեցնելու առաջարկ էր։ Ռազմական գործողությունները դադարեցնելու համար կողմերը, ԱՄՆ նախագահի առաջարկով, պետք է կանգ առնեն այնտեղ, որտեղ հիմա են։
«Թող երկուսն էլ հայտարարեն հաղթանակի մասին, թող պատմությունը որոշի։ Կրակոցները պետք է դադարեն, այլևս ոչ մի մահ, այլևս ոչ մի հսկայական և անկայուն ծախս», — ասել է նա։
Զելենսկիի հետ հանդիպումից առաջ Թրամփը շուրջ երկու ժամանոց հեռախոսազրույց էր ունեցել Պուտինի հետ։ Այս զրույցից հետո էր նա հայտարարել, որ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպելու է Բուդապեշտում։
Ավելի ուշ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հստակություն մտցրեց ամենաինտրիգային հարցում․ Միջազգային քրեական դատարանի կալանքի օրդերի և ՌԴ նախագահի հնարավոր ձերբակալության մասին խոսելով՝ նախարարը հայտարարել էր․
«Մենք հարգանքով ողջունում ենք նախագահ Վլադիմիր Պուտինին և, իհարկե, կապահովենք նրա ժամանումը Հունգարիա, հաջող բանակցություններն այստեղ և վերադարձը հայրենիք։ Որևէ մեկի հետ համակարգման կարիք չկա»,-ասել է Սիյարտոն՝ առաջիկա միջոցառումն անվանելով «Բուդապեշտի գագաթնաժողով»։
Եվրահանձնաժողովի խոսնակ Անիտա Հիպպերն էլ հայտարարել է, որ չնայած Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցներին և Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի սառեցված ակտիվներին՝ Պուտինին «փաստացի» արգելված չէ մուտք գործել Եվրամիություն։
«Հանդիպումը հաստատված չէ, և մենք չենք մեկնաբանի հիպոթետիկ սցենարները, բայց մուտքի արգելքներ որպես այդպիսին չկան»,-ասել է Հիպպերը՝ հստակեցնելով, որ նույնը վերաբերում է նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին։