Գերմանիան որոշել է հետ կանչել Վրաստանում իր դեսպան Պետեր Ֆիշերին. ինչպես հայտնում է meduza.io-ն, այդ մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարությունը։
Բեռլինը կարծում է, որ Վրաստանի ղեկավարությունն «ամիսներ շարունակ ատելություն է սերմանել ԵՄ-ի և անձամբ Գերմանիայի դեսպանի նկատմամբ»։
Ֆիշերը հետ է կանչվել խորհրդակցությունների և «հետագա քայլերի քննարկումների» համար, նշել է նախարարությունը։
Գերմանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը հոկտեմբերի 20-ին կքննարկի Վրաստանում ստեղծված իրավիճակը։
Սեպտեմբերին վրացական իշխանությունները մեղադրել էին Ֆիշերին երկրի ներքին գործերին միջամտելու համար՝ կառավարության քաղաքականության քննադատության և ընդդիմության անդամների դեմ դատական նիստերին մասնակցելու պատճառով։ Այնուհետև դեսպանը կանչվել էր Վրաստանի արտաքին գործերի նախարարություն։