Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խոսել է «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան և ավագ Էդուարդ Սպերցյանի շուրջ ծագած սկանդալի մասին։
Մինասյանը չի հավատում, որ Սպերցյանը կարող էր ռասիստական վիրավորանք հնչեցնել։ Նա նշել է, որ Սպերցյանը զուսպ, քաղաքավարի և խելացի մարդ է։
«Ես անձամբ ծանոթ չեմ Սպերցյանին։ Իհարկե, լսել եմ ռասիստական սկանդալի մասին, բայց իրականում չեմ հավատում, որ նման բան կարող էր պատահել նրա հետ։ Էդուարդը շատ քաղաքավարի և խելացի է, իր տարիքից ավելի հասուն մարդ է։
Չեմ կարծում, թե նա նման բան է ասել։ Նրա պահվածքից, հարցազրույցներից, երբ կողքից ես նայում՝ որոշակի հետևություններ ես անում։ Էդուարդը շատ զսպված է։ Նրան «Տարվա ջենթլմեն» մրցանակից զրկելն էլ, կարծում եմ, այնքան ճիշտ որոշում չէր։ Բայց ամենակարևորն այն է, որ երկրպագուներն ու ժողովուրդը նրան ընդունում են․ նա «Կրասնոդարի» առաջնորդն է, թիմի գլխավոր խաղացողներից մեկը։ Նախ և առաջ նա պետք է ուշադրություն դարձնի հենց դրան»,- ասել է Մինասյանը «Չեմպիոնատ»-ի հետ զրույցում։
Միջադեպից հետո Ռուսաստանի ֆուտբոլային միության վերահսկողական և կարգապահական կոմիտեն (ԿԴԿ ՌՖՄ) Նդոնգին որակազրկել է երկու խաղով (մեկը՝ պայմանական), իսկ Սպերցյանին տուգանել է 150 հազար ռուբլով՝ ոչ ռասիստական վիրավորանքի համար։ Հոկտեմբերի 17-ին «Տարվա ջենթլմեն» մրցանակի կազմկոմիտեն զրոյացրել է Սպերցյանի քվեները, որը միջադեպից առաջ համարվում էր մրցանակի գլխավոր հավակնորդներից մեկը։