Մասնագիտական գնահատականներով Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտն առաջիկա տարիներին կարող է եռապատկել արտահանման ծավալները։ Սա, տնտեսագետների կարծիքով, էական ազդեցություն կունենա ՀՆԱ-ի աճի վրա։ Մասնագետները նշում են նաև, որ ոլորտում կարևոր է արտադրական շղթաների երկարաձգումը, ավելի պարզ ձևակերպմամբ՝ ոչ թե հումք, այլ արտադրանք արտահանելը։ Տնտեսագետների հիմնավորումները, թե ոլորտը կարևոր է Հայաստանի տնտեսության համար, չեն նվազեցնում բնապահպանների մտահոգությունները։
Հանքարդյունաբերության ոլորտը Հայաստանոմ փոխում է ուղղվածությունը․ փոքր ընկերություններին փոխարինելու են գալիս խոշոր ձեռնարկությունները։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդգծում է՝ ոլորտում կարևորվում է արտադրական շղթաների երկարաձգումը։
«Մենք հիմնականում արդյունահանում ենք և արդյունահանվածը, ըստ էության, արտահանում ենք։ Բայց ի վերջո մենք անցնելու ենք ավելի բարդ, ավելի երկար արտադրական շղթաների, տնտեսապես ավելի բարդ արտադրանք ենք թողարկելու, որովհետև նախարարության խնդիրներից մեկը մեր տնտեսության բարդության աստիճանը մեծացնելն է»։
Տնտեսական բարդության ինդեքսում Հայաստանը բարելավել է իր դիրքերը։ Սա նշանակում է, որ հումքից արտադրություն շղթան սկսում է զարգանալ՝ բացատրում է նախարարը։
«Պետք է շարունակենք աշխատել։ Տնտեսական բարդության մեր ցուցանիշը էականորեն կավելանա, եթե պղնձի հանքաքարից, օրինակ, անցնենք պղնձի ձուլակտորի արտադրության։ Տնտեսական շղթան ավելի կերկարի, եթե ձուլակտորը դառնա, օրինակ, մետաղալար, մետաղալարն էլ դառնա, ենթադրենք, ռելե, ռելն էլ՝ էլեկտրական որևէ սարքավորում»։
«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Աղասի Թավադյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ հանքարդյունաբերությունը կարևոր է Հայաստանի տնտեսության համար։ Ոլորտի նշանակությունը հատկապես մեծ է համայնքային զարգացման տեսանկյունից։ Տնտեսական գործունեությունը կենտրոնացած է Երևանում։ Վիճակագրական տվյալները փաստում են, որ աշխատավարձի ֆոնդի 79 %-ը մայրաքաղաքում է՝ ասում է փորձագետը։
«Քանի որ հանքարդյունաբերությունը մարզերում է, շատ կարևոր է այն տեսանկյունից, որ բարձր վարձատրվող աշխատատեղեր է ստեղծում մայրաքաղաքից դուրս։ Իսկ ընդհանրապես, ոլորտը մեծ ազդեցություն ունի ՀՆԱ–ի աճի մեջ։ Միայն վերջին տարիներին 500 միլիոն դոլարից ավելի ներդրում է ներգրավել այս ոլորտը»։
Այս պահին հստակ է, որ ոլորտը դեռ չի պատրաստվում զիջելու դիրքերը: Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանն արձանագրում է՝ առաջիկա տարիներին ոսկին, պղինձը ու մոլիբդենը համաշխարհային շուկայում մեծ պահանջարկ են ունենալու։ Սա իր ազդեցությունը կունենա Հայաստանի արտահանման վրա։ Մեր երկրին բաժին է ընկնում մոլիբդենի համաշխարհային արտահանման 3-4%-ը։
«Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը կարող է ապահովել մոտ 3 միլիարդ դոլարի արտահանում՝ 5–6 տարվա ընթացքում։ 3 միլիարդ արտահանումը, ավելի շատ է, քան ամբողջ ՀՀ արտահանումը 2021 թ․-ին։ Համեմատության համար ասեմ, որ 2-րդը ծխախոտի արտահանումն է՝ մոտավորապես 300 միլիոն դոլար տարեկան կտրվածքով։ Հաջորդ արտահանվող ոլորտները շատ ավելի փոքր է։Իսկ մենք խոսում ենք 3 միլիարդ արտահանման մասին, այսինքն անհամեմատելի է մեր ոլորտը մնացած ոլորտների հետ»։
2026 թվականին նախատեսված է Ամուլսարի շահագործումը։ Հանքավայրում այս պահին շինարարական ակտիվ աշխատանքներ են։ Օրերս «Լիդիան Արմենիա» ընկերության հանքարդյունաբերական ծրագրին ծանոթանալու համար Ջերմուկում էր էկոնոմիկայի նախարարը։
Ամուլսարի ծրագիրն ամենամեծ ներդրումային նախաձեռնություններից է՝ նշել էր Գևորգ Պապոյանը՝ հավելելով, որ ընդհանուր ներդրումները կազմելու են 750 մլն դոլար, որից 250 միլիոնը նախատեսված է շինարարությունն ավարտին հասցնելու համար։ Թե երբ կսկսվի հանքի շահագործումը, «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը դժվարանում է ասել։
«Այս պահին շինարարությունն ակտիվ փուլում է, մոտավորապես 500 մարդ է աշխատում տարածքում, 400–ից ավելի ծանր տեխնիկա, հիմնական հանգույցների շինարարությունն ընթանում է։ Փորձում ենք անել ամեն ինչ, որ ինչքան հնարավոր է շուտ ավարտենք ծրագրի շինարարական փուլը։ Մի քիչ վախենում եմ ժամկետներ նշել»։
Ոլորտում մի քանի խնդիր կա՝ արձանագրում են պատասխանտուները՝ նշելով, որ որոշ հանքավայրերի պաշարները 15-20 տարի հետո կարող են սպառվել։ Ուստի նոր հանքավայրերի հետախուզման կարիք կա։ ՏԿԵ Նախարարության Ընդերքի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Գասպարյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է․
«Ընդհանուր առմամբ 30 թույլտվություն ենք տալիս։ Ուսումնասիրությունների թույլտվությունների ժամկետը առավելագույնը 3 տարի է։ Սկսվում է 3 ամսից մինչև 3 տարի ժամկետով։ Ներկա պահին ունենք 484 թույլտվություն։ Խոսքը թե՛ մետաղական են, թե՛ ոչ մետաղական հանքերի մասին է»։
Տնտեսագետների հիմնավորումները, թե հանքարդյունաբերաության ոլորտը կարևոր է Հայաստանի տնտեսության համար, չեն նվազեցնում բնապահպանների մտահոգությունները։ Նազելի Վարդանյանն Ամուլսարի հանքավայրի շահագործման վտանգներն է մատնանշում․
«Բնապահպանական ռիսկեր մինչև այժմ էլ կան։ Չեն վերանալու, անկառավարելի են, դրա մասին տարբեր երկրների տարբեր փորձագետներ արտահայտվել են։ Դրանք կան, և՛ թթվային դրենաժը, և՛ սեյսմիկ վտանգը․ սողանքները, կենսաբազմազնության վերացումը, ռադիացիայի բարձր լինելը բնապահպանական կայուն ռիկսեր են, որոնք անկառավարելի են տվյալ տարածքի պարագայում»։
Հայաստանում երկու տասնյակից ավելի մետաղական հանքավայր է շահագործվում։ Գրեթե նույնքան էլ պոչամբար կա՝ գրանցված ու չգրանցված։ Բնապահպաններն ահազանգում են, որ պոչամբարներում կուտակված նյութերը վտան գավոր ծավալների են հասել։