Կանխատեսելի կանոններ, ամուր կապակցվածություն և կատարողականություն։ Հայաստանը պատրաստ է առաջարկել այս երեքը։ Նախ՝ կանխատեսելիությունը. մեր ներդրումային քաղաքականությունը ստեղծում է թափանցիկ և կանոնների վրա հիմնված միջավայր, որը բոլոր ներդրողների համար հավասար է։
Երևանում մեկնարկած Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ու Հայաստանի ներդրումային խորհրդի կազմակերպած «Միջազգային առևտրի և ներդրումների ֆորում»-ի ժամանակ հայտարարել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրեն Գոհար Աբաջյանը։ Նա ընդգծել է, որ Կառավարությունը կանգնած է յուրաքանչյուր բիզնեսի կողքին։ Ֆորումին մասնակցում են ներդրողներ աշխարհի տարբեր երկրներից։
Նրանց մի մասը Հայաստանում է առաջին անգամ։ Պանելային տարբեր քննարկումների ընթացքում հայ և արտասահմանցի գործարարները քննարկում են միմյանց հուզող ու հետաքրքրող հարցեր։ Զեկույցների առանցքային հարցերից մեկը օգոստոսի ութին Վաշինգտոնում նախաստորագված փաստաթուղթն է, ու դրա ընձեռած հնարավորությունները։
Հայաստանի ներդրումային հնարավորությունները դիտարկվում ու վերլուծվում են օգոստոսի 8–ից առաջ և հետո։ Մասնագետները կարծում են, որ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը ավելացրել են ներդրողների վստահությունը։ Նրանց մի մասը դեռ զգուշավոր է գնահատականներում, քանի որ շատ դետալներ դեռ հայտնի չեն։
Բայց մեկ հարցում տարբեր կարծիքներ ունեցողների դիրքորոշումը համընկնում է․ սա նոր հնարավորություն է Հայաստանի համար։ «Ներդրողները գնահատում են վստահությունը, որ խոստացված հանձնառությունը կկատարվի։ «Էնթերփրայզ Արմենիա»-ն կանգնած է բոլոր ներդրողների կողքին՝ ասում է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրեն Գոհար Աբաջյանը։
«Հայաստանի համար խաղաղությունն ու կայունությունը պարզապես վերացական բառեր չեն, այլ տնտեսական ակտիվներ, որոնք մենք ձեռք ենք բերել: Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և TRIPP-ի (խմբ․՝ Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման) միջոցով Հայաստանը կամրապնդի բազմամոդալ կապը Սև ծովի, Կասպից ծովի և Պարսից ծոցի հետ: Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված խաղաղության համաձայնագրով՝ Հայաստանը մտնում է նոր տնտեսական փուլ՝ բարելավված ենթակառուցվածքներով և ավելի խոր տարածաշրջանային ինտեգրմամբ»։
Երևանում մեկնարկած Միջազգային առևտրի և ներդրումների ֆորումին մասնակցում է 220 պատվիրակ 25 երկրից։ Նրանք ներկայացնում են բիզնեսի տարբեր ուղղություններ, հետաքրքրված են Հայաստանում ներդրումային հնարավորություններով։ Հետաքրքրությունների աշխարհագրությունը մեծ է՝ Հունաստանից Ճապոնիա, Սաուդյան Արաբիայից Մոլդովա՝ արձանագրում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը․
«Մասնակիցները հիմնականում ընտրվել են ըստ մեր առաջնահերթությունների՝ արտահանման դիվերսիֆիկացիա։ Մեր արտադրողների համար հիմնական խնդիրը նոր շուկաներ մուտք գործելն է։ Հիմնականում ընտրել ենք այն առևտրային ցանցերի ներկայացուցիչներին, որոնք Հայաստանի հետ դեռ չեն աշխատել, այսինքն՝ առաջին անգամ են աշխատելու, առաջին փորձն են ունենալու Հայաստանին առնչվելու»։
Հայկական բանջարեղենային չիփսերը առաջիկայում գուցե Չինաստանում ու Ճապոնիայում հայտնվեն։ Իրականում նոր շուկաներ գտնելը հեշտ չէ՝ արձանագրում է արտադրող ընկերություններից մեկի համահիմնադիր Արմեն Ղարիբյանը։
«Այս տարի արդեն փորձելու ենք Չինաստանի շուկա մտնել, զբաղվում ենք նաև եվրոպական շուկայի սերտիֆիկացիաներով։ Նոր շուկաներ մտնելու համար լուրջ ներդրումներ են պետք սերտիֆիկացիաների, հավաստագրման և բրենդինգի համար, որովհետև ամեն շուկա պահանջում է իր մոտեցումը»։
Հայաստանը կամուրջ է Ասիայի և Եվրոպայի միջև, ու սա աշխարհագրական առավելություն է. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ցանկանում է օգտագործել այդ առավելությունները՝ ասում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի տարածաշրջանի ղեկավար Ալկիս Դրակինոսը։ Նրա բնորոշմամբ, բացի տարբեր ծրագրեր իրականացնելուց, ՎԶԵԲ-ը նաև ուշադրություն է դարձնում Հայաստանի ենթակառուցվածքներին:
«Մենք հետաքրքրված ենք ուժերի միավորմամբ՝ աջակցելու Հայաստանի աշխարհագրական առավելություններին։ Հայաստանը Կովկասում է, իսկ Կովկասը կամուրջ է Ասիայի և Եվրոպայի միջև։ Մենք ուզում ենք աշխատել այս ուղղությամբ։ Մենք որոշ ներդրումներ ենք կատարել այս ոլորտի մեջ, ինչը շարունակական բնույթ կկրի»։
ՎԶԵԲ-ն արդեն 2,5 մլրդ եվրոյից ավելի ներդրումներ է կատարել։ Իրականացրած նախագծերի թիվը մոտենում է 250-ի։ Հայաստանը ուշագրավ փոխակերպումների փուլում է և կարող է գրավիչ վայր դառնալ միջազգային բիզնեսի համար՝ արձանագրում է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը։
«Աքսես» վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանի գնահատմամբ՝ կան ներդրողներ, որոնք դիտարկում են Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունը, բայց դեռ զգուշավորություն են ցուցաբերում։
«Ուզում եմ շեշտել, որ օգոստոսի 8-ի համաձայնագիրը ոչ միայն Թրամփի ուղուն է վերաբերում, այլ էներգետիկայի և կիսահաղորդիչների ոլորտին։ Ես տեղյակ եմ նաև, որ կա որոշակի հետաքրքրություն կիսահաղորդիչների ոլորտում՝ դիտարկելու Հայաստանը որպես երկիր, որտեղ կարելի է գործունեություն ծավալել»։
Փորձագետն ընդգծում է՝ քանի դեռ համաձայնությունների մանրամասնեը հայտնի չեն, դժվար է հստակորեն գնահատել նոր նախագծի տնտեսական առավելությունները։ Անժխտելի է, սակայն, որ օգոստոսի 8-ից հետո էականորեն նվազել է էսկալացիան, ինչը կարևոր գործոն է հատկապես խոշոր ներդրողների համար։