Խնդրի լուծման միակ ճիշտ եղանակը Քննչական կոմիտեի նախագահի հրապարակային ներողություն խնդրելն է․ Խուդոյան

Պատրաստվում եմ դիմել Փաստաբանների պալատին, որպեսզի ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վազգեն Ավետիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվի․ այս մասին ABC Media-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

«Խնդրելու եմ, որ վարույթ հարուցվի, որպեսզի արդեն ամբողջ խորհրդի կազմով այս հարցը քննարկեն, ու ես ներկայացնեմ իմ դիրքորոշումները։ Պետք է հարցին բովանդակային անդրադառնանք։ Ես իմ հայտարարությունում գնահատողական վերաբերմունք չեմ տվել։ Կան արտահայտություններ, որոնք առանձին դեպքում կարող են ընկալվել վիրավորական, դրանց պատասխաններն ունեմ, և դրանք իրականությանը համապատասխանող են։ Մասնավորապես, եթե ասում եմ, որ Քննչական կոմիտեի նախագահը սուտ է խոսում, դա ոչ թե զուտ գնահատողական դատողություն եմ անում, այլ փաստերի համադրումով հիմնավորել եմ»,- նշեց նա։

Փաստաբանը հավելեց, որ խնդրի լուծման միակ ճիշտ եղանակը Քննչական կոմիտեի նախագահի հրապարակային ներողություն խնդրելն է՝ ապատեղեկատվություն տարածելու համար։

«Եթե ընդունենք, որ տեղակալը պարզապես լիարժեք տեղեկացված չի եղել կամ հիմնվել է ենթակաների զեկույցների վրա, և ես այդ պայմաններում նման գրառում եմ արել, ապա ակնկալում եմ, որ կձեռնարկվեն քրեական վարույթներ՝ մոլորեցնող և ապացույցներ կեղծող անձանց նկատմամբ։ Իսկ եթե այդպես չէ, ապա Քննչական կոմիտեի նախագահը պետք է հրապարակայնորեն ներողություն խնդրի։ Դա կլինի իրավապահ մարմնի ադեկվատ արձագանքը»,- ասաց Խուդոյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Վազգեն Ավետիսյանը փաստաբան Հովհաննես Խուդոյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում է ներկայացրել Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանին։ Հաղորդման հիմքում փաստաբանի այն հայտարարությունն է, որ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում արված հայտարարությունը սուտ է։

Հովհաննես Խուդոյանը սեպտեմբերի 30-ին գրառում էր արել Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության հետ կապված Քննչական կոմիտեի ղեկավարի ասածների վերաբերյալ ու զուգահեռ տարել «Սրբազան պայքարի» քրեական գործի հետ։

«Քննչական կոմիտեի ղեկավարը երեկ լուրջ ու պատասխանատու դեմքով, ի թիվս այլնի, պնդում էր, որ սպանության գործով քաղաքական բան չկա, «բացի անուղղակի քաղաքական ազդեցությունից՝ ուղղակի քաղաքական միջամտության մասին տվյալներ այս պահին չունեմ»։ Բայց խնդիրն այլ է։ Նույն անձը երկու ամիս առաջ նույն դեմքով 18 արդարների գործով պնդում էր, որ պլանավորվել է մարդ գնդակահարել։ Իսկ հետո, երբ պարզվեց ու ապացուցվեց, որ «Հանրայինի» եթերից ուղղակի ստել է, նույնիսկ ներողություն չի խնդրել հանրությանը մոլորեցնելու համար։ Փաստի ուժով Արթուր Պողոսյանի հայտարարությունների նկատմամբ տարածվում է ստելու կանխավարկածը»,- գրել էր Խուդոյանը։

Leave a Comment