
Հոկտեմբերի 17-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը մասնակցել է Viva-ի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աջակցությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում հիմնված նոր ուսումնական լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությանը։ Այս մասին տեղեկանում ենք ԲՏԱ նախարարությունից։
Նախարարի տեղակալը բարձր է գնահատել լաբորատորիայի ստեղծումը, որտեղ ճշգրտորեն վերարտադրված է բջջային կապի իրական ենթակառուցվածքը։ Այն ուսանողներին հնարավորություն կտա համադրել տեսական գիտելիքներն ու կիրառական հմտությունները՝ բարձրացնելով նրանց մրցունակությունը աշխատաշուկայում։
Լաբորատորիան գործում է Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետի «Ռադիոսարքավորումներ և կապի համակարգեր» ամբիոնի ներքո՝ ուսանողներին գործնական պայմաններում ծանոթացնելու հեռահաղորդակցության ժամանակակից տեխնոլոգիաների հիմունքներին։