Սերմից՝ ծառ, ծառից՝ բերք. անտառը՝ եկամտի նոր աղբյուր․ «Էկոսֆերա»

Անտառից ստացվող արժեքը միայն փայտանյութով չի սահմանափակվում․ անտառը կարող է նաև եկամտի աղբյուր դառնալ։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը «Բերքահավաք անտառից» նախաձեռնության միջոցով քաղաքացիներին առաջարկում է համագործակցություն՝ անտառից ստացվող բնական բարիքների օգտագործման ուղղությամբ։

Այս տարի նախատեսվում է իրականացնել շուրջ 720 հեկտար անտառպատման աշխատանքներ, որոնցից 170 հա՝ պետական բյուջեի միջոցներով, իսկ 550 հա՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ծրագրերի շրջանակում։

Հրազդանի Ջրառատ թաղամասում արդեն յոթ տարի անտառային տնկանյութերի աճեցմամբ է զբաղվում Մանուշ Արշակյանը։ «Աշխատանքս շատ եմ սիրում։ Աճեցնում ենք տարբեր ծառատեսակներ՝ հացենի, հաճարենի, կաղնի, սոճի, ինչպես նաև վայրի տանձենի ու խնձորենի։ Դրանք հետագայում ոչ միայն ծառ են դառնում, այլև բերք են տալիս»,- ասում է նա։

Գարնան անտառտունկի համար սերմերը նախապես ցանում են ջերմատների փոքր թաղարներում։ Ձմեռը դրանք մնում են ջերմատանը, իսկ գարնանը՝ տնկումից մոտ մեկ ամիս առաջ, հանում են դրսում կարծրացման համար։ Այդպես բույսերը հարմարվում են կլիմային, և ապա տեղափոխվում են Հայաստանի տարբեր մարզերի անտառային տարածքներ։

Հրազդանի անտառտնտեսության մասնաճյուղի ավագ անտառապետ Ստեփան Մարգարյանի խոսքով՝ որակյալ տնկանյութ ստանալու համար անհրաժեշտ է ճիշտ սերմ և խնամք։ «Մնացածը հմուտ ձեռքի գործ է։ Ապրիլին ու մայիսին արված ցանքերն արդեն տեղափոխվում են անտառտնկման»,— ասում է նա։

Մեր այցի պահին Մեղրաձոր անտառպետության անտառապետ Արման Հայրապետյանը անտառում էր՝ ընտրելով նոր տնկման համար հարմար տարածքներ և համարակալելով սանիտարական հատման ենթակա ծառերը։ «Ավելի քան 7300 հեկտար անտառային տարածքում միայնակ աշխատելը հեշտ չէ, բայց արդեն յոթ տարի է՝ այստեղ եմ։ Տեղանքին հինգ մատի պես ծանոթ եմ։ Այս տարիներին ավելացել են թե՛ վայրի խոզերի, թե՛ եղնիկների գլխաքանակը»,— պատմում է նա։

Աշնան ամիսներին անտառամերձ բնակավայրերի բնակիչները հաճախ են գալիս անտառ՝ խոտաբույսեր ու հատապտուղներ հավաքելու։ «Հայանտառ»-ը նրանց առաջարկում է սեզոնային աշխատանք կամ գործարքային հիմունքներով համագործակցություն․ քաղաքացին կարող է անտառային տոմսով հավաքել անտառի բարիքները և հանձնել կազմակերպությանը՝ դրա դիմաց ստանալով վարձատրություն։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Գարեգին Միրզոյանի խոսքով՝ անտառից կարելի է ստանալ նաև կողմնակի տնտեսական եկամուտ․ «Խոտաբույսերի, հատապտուղների, վայրի տանձի և խնձորի հավաքումից մինչև անարատ մեղրի արտադրություն՝ հենց անտառում։

Այս հնարավորությունները պետք է ճիշտ օգտագործել»։ Միրզոյանի խոսքով՝ սահմանվել է անտառօգտագործման կարգ, որը պետք է պահպանեն քաղաքացիները։ Անձնական օգտագործման համար անտառային բերքից օգտվելու դեպքում տոմս չի պահանջվի․

«Սա արվում է անտառի պահպանության և սոցիալական խնդիրների մեղման նպատակով։ Իսկ ստացված եկամուտները ուղղվելու են տեխնիկական վերազինմանն ու անտառային աշխատանքների արդյունավետացմանը»։

Leave a Comment