Փարաջանովի արվեստն այսօր էլ միավորում է ժողովուրդներին․ փարաջանովյան միջոցառումներ Թբիլիսիում

Թբիլիսիում շարունակվում են Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները՝ ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություն և մրցույթներ։ Փարաջանովյան առաջիկա նախագիծը մեծ կինոռեժիսորի ծննդավայրում կազմակերպում են Վրաստանի տարբեր համայնքները միասին՝ ընդգծելով Փարաջանովը մեծություն է ոչ միայն Վրաստանի ու Հայաստանի, այլ նաև Ուկրաինայի ու ողջ աշխարհի համար։

Թբիլիսիում անցկացվող փարաջանովյան մրցույթներին այս անգամ միացել են Վրաստանի հայկական և ուկրաինական համայնքները՝ ներկայացնելու Թիֆլիսում ծնված, բայց ողջ աշխարհի մշակույթին պատկանող վարպետին։

Թբիլիսիի «Ուկրաինական տան» ղեկավար Վալենտինա Մարջանիշվիլին Հանրային Ռադիոյի հետ զրույցում ասում է.

«Փարաջանովն օրինակ է, թե ինչպես մարդը կարող է սիրել, գնահատել գեղեցիկը, հենց այնպես, ինչպես իր արվեստն է՝ առանց սահմանների։ Ուկրաինական կինեմատոգրաֆիայում նրա թողած ստեղծագործությունները, որ համաշխարհային նշանակության գլուխգործոց են, շնչելու ու ապրելու ուժ են տալիս ուկրաինացիներին»։

Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թվականների օրացույցում է Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի կողմից ներկայացված համատեղ հայտի շնորհիվ։

Փարաջանովյան ստեղծագործական յուրօրինակությունը կամրջող դերը է կատարում մեր ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում։ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ընդգծում է Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը․

«Մշակույթը եղել է և կշարունակի մնալ ժողովուրդների բարեկամության լավագույն և ամենաամուր կամուրջը։ Այս ամենի հիմքում մեծանուն Փարաջանովն է, ով իր արվեստով կարողացել է լավագույնս կապել հայ և վրացի ժողովուրդներին և ոչ միայն․ նրա արվեստը սահմաններ չունի»։

Փարաջանովը գիտեր, որ ինքը հանճար է։ Թիֆլիսեցի հնավաճառի ընտանիքում ծնված Սերգեյ Փարաջանովն իրեն հանճարեղ ռեժիսոր էր համարում՝ ասելով հանճարեղ կարող ես դառնալ, եթե մանկություն ես ունեցել․

«Իսկ ռեժիսուրայի հիմքը կյանքն է, եթե կարողանում ես ֆիքսել կյանքը, կարողանում ես հետևել՝ գտնելով կյանքի ճշմարտությունը, կարող ես փիլիսոփայորեն ամփոփել այն»։

Հենց այդպես էլ ֆիքսում էր կյանքը Փարաջանովը Թբիլիսիի բազմազան ու գունավոր կենտրոնում՝ Մթածմինդայի բարձունքում, որտեղ կյանքը նման էր թատրոնի, երբ արտիստը տանն էր։ Այստեղ նա հարևանների ու հյուրերի մեջ փնտրում էր  արտիստիզմը և ամփոփում բակային ներկայացմամբ։

Նրա հարևան Զուրան հիշում է․ «Մի օր նա վաղ առավոտյան ինձ կանչեց՝ ասաց, մոռացել ես ծննդյանդ օրը, նվերներ տվեց, այդ թվում նաև Կիևից բերած դաշնամուրը, որի վրա նվագել է նաև Սոֆիկո Ճիաուրելին»։  

Այդ օրը Փարաջանովին հյուր էր եկել Վիսոցկին, Զուրաբի պատվին նա երգում է, իսկ գնչուները՝ պարում։

Ասում են՝ Փարաջանովը Թբիլիսիից չլիներ, Փարաջանով չէր դառնա։ Նա Թբիլիսիի ծնունդ է, քաղաք, որը յուրաքանչյուրի մեջ նստած է արտիստիկ կերպով։ Քաղաք, որտեղ բոլորը կարծես խաղում են թատրոնում։

Թբիլիսահայ հայտնի լուսանկարիչ Յուրի Մեչիտովը, որ Փարաջանովին համարում է լուսանկարչության իր առաջին ուսուցիչը, ասում է՝ Փարաջանովը կարող էր ծնվել միայն Թբիլիսիում, նման միջավայրում։ Եւ վստահ է՝ նման մարդիկ այլևս չեն ծնվի։ Հիշում է․ «առաջին անգամ, երբ արեցի նրա դիմանկարը, այնքան հավանեց այն, որ անվանեց Ջոկոնդո»:

Դրանից հետո Մեչիտովը լուսանկարում էր Փարաջանովին ամենուր, իսկ յուրաքանչյուր լուսանկար Փարաջանովի ռեժիսուրայով դառնում էր մեկ բեմադրություն։ Օրինակ Փարջանովի հայտնի նկարն արված Մթածմինդայի բարձունքից իջնելիս, բազմաթիվ մարդկանց էր փողոց հանել։   

«Ոչ ոք իրականում չի ճանաչում նրան։ Նա աննորմալ մարդ էր և դրանում էր նրա հանճարը»։

Կյանքի վերջին տարիներին, երբ արդեն վատառողջ էր նույնիսկ թբիլիսյան իր տանն անձրևի տակ քնելը նմանեցնում էր Տարկովսկու ֆիլմերին։ Ասում էր. «Ես ապրում եմ Թիֆլիսում՝ իմ ծնողների հին տանը, եւ երբ անձրև է գալիս, ես քնում եմ հովանոցով, ու երջանիկ եմ, որովհետեւ դա նման է Տարկովսկու ֆիլմերին»։

Նա գամված էր անկողնում, երբ որոշվեց տեղափոխվել Հայաստան: Սուսաննա Խաչատրյանը, որ ծանոթ էր Փարաջանովին, նաև բազմաթիվ հարցազրույցներ էր արել նրա հետ Վրաստանի հանրային հեռուստաընկերության համար, հիշում է Թբիլիսիից նրա հետ վերջին հրաժեշտը.

«Ես վերջին ուղեկցողներից մեկն էի: Երկաթգծի կայարանում մի կողմից Զավեն Խաչատրայանն էր թևանցուկ արել նրան, մյուս կողմից նրա  քուրդ հարևանը, ով նկարահանվել է ֆիլմերից մեկում: Ես արդեն հասկանում էի, որ այլևս Սերգեին չենք տեսնի: Տեսնում էի նրա դեմքի  անտարբերությունը, որովհետև ծանր էր, և ուղեկցողների մեծ հոգատարությունը, որովհետև իսկապես մեծ էր նա»:

Իսկապես Սերգո Փարաջանովի  անունը շարունակվում է ընդգրկվել բոլոր ժամանակների 100 լավագույն ռեժիսորների շարքում:

Leave a Comment