Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (KFF) մամուլի ծառայությունը տեղեկացրել է երկրի Առաջին լիգայի «Խան-Տենգրի» ակումբի եզրային հարձակվող Դիաս Տուլեուի մահվան մասին։ Ֆեդերացիան պաշտոնական հետաքննություն կանցկացնի ողբերգության հանգամանքները պարզելու համար։
19-ամյա խաղացողը մահացել է Ղազախստանի Առաջին լիգայի 25-րդ տուրի «Խան-Տենգրիի» և «Էկիբաստուզի» միջև խաղի ժամանակ։ Խաղացողը առանց որևէ ակնհայտ պատճառի 65-րդ րոպեին ընկել է խոտածածկին։ Նրան խաղադաշտից դուրս են բերել պատգարակով։ Հոկտեմբերի 16-ի երեկոյան Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտարարել է նրա մահվան մասին։
KFF-ն հաղորդում է, որ մտադիր է իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ ստեղծել հատուկ հանձնաժողով՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար։ Ֆեդերացիան նաև իր անկեղծ ցավակցությունն է հայտնել Տուլեուի ընտանիքին և ընկերներին։
Դիաս Տուլեուն եղել է «Կայրաթի» ակադեմիայի սան և միացել է «Խան-Տենգրիին» 2024 թվականի ապրիլին։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է Առաջին լիգայի 18 խաղի և Ղազախստանի գավաթի 3 խաղի, սակայն գոլ չի խփել։